700 գ աղացած տավարի մսին խառնել քերած գլուխ սոխ, 2 պճեղ ճզմած սխտոր, 4 ճ. գդալ պաքսիմատ (хлебных крошек, bread crumbs) կաթի կամ սերուցքի մեջ թրջած, ծիտրոն, թարմ համեմ, 2-3 ճ. գդալ քերած պարմեզան պանիր (այս պանրի շնորհիվ միսը շատ հյութեղ է ստացվում, եթե չկա, կարող եք չավելացնել. դրանից կոտլետները չեն տուժի), աղ, սև պղպեղ: Այս ամենը փայտե գդալով լավ խառնել: Ես երբեք աղացած մսի մեջ ձու չեմ լցնում. կարծում եմ` ձվից միսը ձիգ է ստացվում:
200-300 գ սունկը մանր կտրատել և տապակել, հենց սկզբից ավելացնել աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ (coriander), հենց ողջ ջուրը քաշվի, անջատել, ավելացնել մանր կտրատած համեմ և թողնել սառչի:
Քերել կամ ձողիկաձև կտրատել մոտ 150 գրամ պինդ պանիր (լոռի, հոլանդական, cheddar, gruyere...): Թաց ձեռքերով մսից բլիթ պատրաստել, մեջտեղում դնել մի քիչ սունկ, պանիր, բլիթին տալ կոտլետի տեսք: Բավականին մեծ կոտլետներ են ստացվում:
Ջեռոցի տապակը կարագապատել, շարել կոտլետները, 70-100 գ կարագը հալեցնել, առատորեն քսել կոտլետների վրա: Տեղափոխել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոց մոտ 1 ժամով, կոտլետները լավ կարմրում են: Եթե օգտագործում եք բաղադրիչների կեսը, ուրեմն ջեռոցում մնալու ժամն էլ է քչանում: Չեք տապակում, հետևաբար խոհանոցն ու գազօջախը մաքուր են մնում:) Բարի ախորժակ :)