Անցած շուրջ 3 ամիսների ընթացքում բարեկամական Իրանում պարբերաբար տարբեր մակարդակներում անհարկի շահարկվել է Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացման թեման։ Ընդ որում, քաղաքական հայտարարությունները, մամուլի հրապարակումները, տարաբնույթ բողոքի գործողություններն ակամայից տպավորություն են ստեղծում որոշ ոչ բարեկամական շրջանակների կողմից կազմակերպված և ուղղորդված բացահայտ հակահայկական անհեռատես քարոզչական գրոհի, որը հարիր չէ երկու հարևան երկրների և ժողովուրդների՝ հազարամյակներով թվագրվող բարեկամության տեսանկյունից։
Առնվազն մտահոգիչ է, որ հերթական անգամ հիշեցնելու անհրաժեշտություն է առաջանում՝ Հայաստանն անկախ և ինքնիշխան պետություն է և, ինչպես միջազգային ընտանիքի անդամ մյուս պետությունները, անկախ է նաև արտաքին քաղաքականություն վարելու, որևէ երկրի հետ հարաբերությունների զարգացման ձևի և բովանդակության ընտրության հարցերում՝ բնականաբար, հիմնված ազգային և պետական շահի վրա։
Բացի այդ, Երևանը մշտապես ունեցել է սկզբունքային, հավասարակշռված և արտաքին հարաբերություններում մեկը մյուսին չստորադասող, տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը միտված հստակ քաղաքական ուղեգիծ, նաև վստահելի գործընկերոջ ընկալում, ինչն ապացուցվել է պատմականորեն: Հայաստանը երբեք կշեռքի նժարներին չի դրել տարբեր բարեկամական երկրների հետ հարաբերությունները, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ի և Իրանի հետ համագործակցությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելով դրանց զուգահեռ զարգացման և խորացման ուղղությամբ։
Հայաստանը պատմական Պաղեստինի տարածքում ունի բացառիկ ազգային շահեր, և դրանց պաշտպանությունն օրակարգային էր դարձնում Իսրայելում ՀՀ դեսպանատան հիմնումը։ Հետևաբար, բոլոր բարեկամական, այդ թվում՝ մուսուլմանական երկրները պետք է գիտակցեն նշվածը, ինչպես Հայաստանն է ըմբռնումով մոտենում, օրինակ, ոչ բարեկամական Ադրբեջանի հետ տարաբնույթ հարաբերություններ զարգացնելու հարևանների և գործընկերների իրավունքին։
Հ․Գ․ Ամեն դեպքում երկու բարեկամական երկրների միջև նման զարգացումները ցանկալի չեն։ Եվ, թերևս, ճիշտ կլինի, որ պաշտոնական Երևանը հերթական անգամ դիվանագիտական միջոցներով ներկայացնի անհրաժեշտ պարզաբանումներ Թեհրանին ու հիշեցնի, որ նման հարաբաերություններ ունեցող երկրների միջև գոյություն ունեն խնդիրների կարգավորման այլ՝ ընդունված բավականաչափ հաջողված մեխանիզմներ։