Սառա Բարտմանին «Սև Վեներա» կեղծանունը տվել է Աբդելատիֆ Քեշիշը՝ ֆրանսիացի կինոռեժիսոր, ով նույնանուն ֆիլմի հեղինակ է: Ժամանակակիցները Բարտմանին անվանում էին «գոթենտոտյան Վեներա»: Աֆրիկյան այս էթնիկ խմբի ներկայացուցչուհուն, ով ուներ անհավանական մեծ ազդրեր, գերի էին վերցրել բուրերը: Հետագայում Սառան հայտնվեց Եվրոպայում, որտեղ էլ ելույթ էր ունենում որպես կենդանի նմուշ:
«Գոթենտոտյան Վեներայի» իրական անունը չի պահպանվել. Սառա Բարտման նրան անվանել են անգլիացիները: Եթե հավատանք «Աֆրիկյան թագուհին. գոթենտոտյան Վեներայի իրական կյանքը» գրքի հեղինակ Ռեյչել Հոլմսին, ապա հարավաֆրիկյան էթնիկ խմբի անդամը լքել է հայրենիքը 21 տարեկան հասակում: Երեքամյա Սառային գերի են վերցրել բուրերը հերթական հարձակման ժամանակ: Ծնողներին դաժանորեն սպանել են, իսկ նրան՝ ստրկության վերցրել: Մի քանի տարի Սառան անց է կացրել Աֆրիկայում՝ հարուստ սպիտակամորթ ֆերմերների ընտանիքում, մինչև որ վերջիններիս հյուր է եկել նրանց հարազատներից մեկը՝ անգլիացի բժիշկ Ուիլյամ Դանլոպը:
Դանլոպին հետաքրքրել է ստրկուհու արտասովոր մարմինը, ինչը, ի դեպ, աֆրիկացիերի մոտ գեղեցկության նշան էր համարվում: Վիրաբույժը Սառային առաջարկել է իր հետ մեկնել Մեծ Բրիտանիա և հավատացրել նրան, որ նա կարող է իր մեծ ազդրերի շնորհիվ մեծ գումարներ վաստակել: Հայտնի չէ՝ իրականում համաձայնել է Սառան այդ առաջարկին, թե նրան հերթական անգամ ստրկության են վերցրել: Նա անգամ չգիտեր՝ իրեն ինչ է սպասվում։ Սակայն մի բան փաստ է. քիչ ժամանակ անց առաջին հոլանդական գաղութի նահանգապետը Սառային դուրս գալու թույլտվություն տվեց, և աղջիկը հայտնվեց Լոնդոնում:
Բացի աշխատքով ապահովելուց՝ Դաբլոպը Սառային նաև կրթություն ստանալ առաջարկեց, սակայն դրա փոխարեն Բարտմանն իրական կենդանի ցուցանմուշ դարձավ: 1810 թ. աֆիշներում Սառան «գոթենտոտյան Վեներա» կեղծանունով էր հանդես գալիս՝ համեմատվելով գեղեցկության աստվածուհու հետ: Հսկայական ազդրերով մերկ աղջկա նկարները հանրայնացնում էին:
Սակայն ոչ բոլոր անգլիացիներին էր դուր գալիս «գոթենտոտյան Վեներայի» տեսքը: Բանն այն է, որ 1807 թ. երկրում ընդունվեց օրենք, որն արգելում էր ստրկավաճառությունը: Կայացած դատավարության ընթացքում դատարանը պարզեց, որ Բարտմանը հանրության առջև է դուրս եկել ամբաստանյալ Ուիլյամ Դանլոպի հետ կնքված պայմանագրի համաձայն: Չնայած այն բանին, որ, շնորհիվ Սառա Բարտմանի, Եվրոպայում մարդկանց կրկեսը հայտնի դարձավ, սևամորթ կնոջ բարեմասնությունների ցուցադրումը մեծ ռեզոնանս առաջացրեց հասարակության շրջանում: Ամենայն հավանականությամբ հենց այդ պատճառով էլ Դանլոպը որոշեց ազատվել Սառայից:
Դանլոպը Բարտմանին հանձնեց ֆրանսիացի Ռեժոյին, ով զբաղվում էր կենդանիներ վարժեցնելով և սեփական կրկեսում ելույթներ ունենալով: Ռեժոն «գոթենտոտյան Վեներային» ոչ միայն ցուցադրում էր հանրությանը, այլև գիտնականներին թույլ էր տալիս ուսումնասիրել աղջկա մարմինը: Թե ինչ է պարզվել այդ ուսումնասիրությունների ընթացքում, անհայտ է, սակայն լայն հանրությունը ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում աղջկա նկատմամբ: Հենց դա էր պատճառը, որ Սառան դադարեց Ռեժոյին եկամտով ապահովելուց: Իսկ ֆրանսիացին իր հերթին դադարեց կերակրելուց աղջկան և սննդի փոխարեն նրան էժանագին գինի էր տալիս:
Սառան արագորեն ալկոհոլի հանդեպ հակում ձեռք բերեց: Քանի որ կրթություն նա այդպես էլ չստացավ, չէր էլ կարող գումար աշխատելու եղանակների մասին մտածել՝ բացի մարմնավաճառությունից: Այդ «մասնագիտությամբ» զբաղվելու ընթացքում Սառան վեներական հիվանդություններով վարակվեց և մահացավ 1815 թ.:



