Աշխարհի տարբեր մասերում կան Սֆինքսի պատկերով արձաններ։ Դրանցից ամենահայտնին եգիպտական մեծ սֆինքսն է, որը կառուցված է Քեոփսի բուրգի հարևանությամբ։ Սֆինքսը, ընդհանրապես, կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով դիցաբանական արարած է։ Եգիպտական Սֆինքսի հայտնի առանձնահատկությունն այն է, որ այն չունի քիթ: Քթի բացակայության պատճառի վերաբերյալ մի շարք վարկածներ կան:
Դրանցից ամենահայտնիի համաձայն՝ 1798 թ. Նապոլեոնի և Թուրքիայի միջև պատերազմի ժամանակ այն կոտրվել է թնդանոթի հարվածից: Երկրորդ վարկածը նման է առաջինին, սակայն միակ տարբերությունն այն է, որ դեպքը տեղի է ունեցել Անգլիայի և մամլուքների միջև պատերազմի ժամանակ:

Սակայն դրանցից յուրաքանչյուրը չի դիմանում քննադատության: 1737 թ. Նորդենը՝ դանիացի ճանապարհորդ, պատկերել ու նկարագրել է Սֆինքսին արդեն իսկ առանց քթի:
Կարելի է մտածել նաև, որ քիթն ընկել է բնական երևույթի պատճառով, օրինակ՝ խոնավության ու ուժգին քամու:

Մեկ այլ վարկած ևս շրջանառվում է, և այն առաջ է քաշել Մարկիզին՝ միջնադարյան պատմաբան Կահիրեից: Նա կարծում էր, որ 1378 թ. մի սուֆիական էնտուզիաստ տեսել է, թե ինչպես են գյուղացիներն ընծաներ մատուցում Սֆինքսին: Գյուղացիները լիահույս էին, որ այդ եղանակով նրանց տարվա բերքը շատ կլինի: Նրանց տեսած էնտուզիաստը բարկացել է և կոտրել առասպելական էակի քարե քիթը, ինչի պատճառով էլ նրան տեղում սպանել են: Սակայն այս պարագայում էլ հարց է առաջացնում այն, թե ինչպես նա կարող էր դա անել:
Պատմաբանն իր աշխատությունում նշում է, որ Եգիպտոսի բնակիչների համար Սֆինքսը կարծես թալիսման լիներ, որը իշխում էր Նեղոսի վրա: Տեղի բնակիչները կարծում էին, որ հենց Սֆինքսն է վարարում գետն ու ազդում բերքատվության վրա:



