ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ այսօր 24 ժամով կասեցրել է մոտ յոթ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը:

«ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և, նաև իրացման ցանցերում, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Այսօր 72 ժամով կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այստեղ խախտվել է ՀՀ պարետի՝ խնջույքների կազմակերպման արգելքին վերաբերող նորմը:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը:

Անակնկալ ստուգայցեր լինելու են ամեն օր՝ բացառելու համար պարետի սահմանած կանոնների շրջանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել