ՀՀ գլխավոր դատախազի տարեկան հաղորդման վերաբերյալ
Սա ոչ թրենդային, ոչ մոդայիկ, սակայն հանրային դիսկուրսի կարեւորագույն թեմաներից մեկն է, հատկապես հասկանալու այս իշխանությունների ինչին հավատալ, իսկ ինչին՝ ոչ։
Անցնող շաբաթ խորհրդարանը քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազության տարեկան հաղորդումը: Քանի որ խորհրդարանական քննարկումները այլևս ոչ մի գաղափարական շեշտադրում չունեն, և հասարակության մոտ էլ ոչ մի վստահություն չեն առաջացնում, գլխավոր դատախազության հաղորդման քննարկումը ընթացավ արդեն ավանդույթ դարձած պոպուլիստական ժանրի կանոններով, և ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք պետք է լուրջ մտահոգություն առաջացնեն յուրաքանչյուր հասարակությունում:
Մասնավորապես՝ հաղորդման մեջ ներկայացված տվյալներից կարելի է եզրահանգել, որ օրինակ 2019 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցավորության աճ՝ 8.8%-ով
կամ սպանության դեպքերը աճել են 34.3%-ով։
Բացի նրանից, որ նախորդ տարվա համեմատ գրեթե բոլոր կարևոր ցուցանիշները վատթարացել են, սակայն բուն տարեկան հաղորդումը, հենց գլխավոր դատախազի ելույթը այնքան բազմազան ու բազմապիսի հակասություններով են, որ օրեր են պետք դրանք վերծանելու համար: Դրանցից մի քանի ակնհայտը`
• Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ նշված է, որ դատախազության տեղեկություններով՝ 2019 թվականի ընթացքում ներկայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 1984 միջնորդություն, որից 1802-ը բավարարվել է, այսինքն՝ ներկայացված միջնորդությունների 90.8%-ը։ Դատախազութան հաղորդման մեջ նշված է, որ 2019թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1092 միջնորդություն, որոնցից բավարարվել է 968-ը կամ 88.6%-ը։ Իհարկե, դատախազությունը ամեն կերպ ցանկանում է պատրանք ստեղծել, որ հեղափոխական օրերի դատախազությունը ամենահումանիստականն է և ամենաառաջադեմը` փորձելով գոնե մի քանի տոկոսով մանիպուլացնել թվերը:
• Ամեն ինչ հարթ չէր կարող լինել նաև նոր իշխանությունների ամենասիրած հանցակազմի` կաշառակերության դեպքում: Ըստ Դատախազության հաղորդման՝ կաշառքի հետ կապված գործերն առավելագույն հաշվարկներով 60 է, իսկ ըստ կառավարության տարեկան զեկույցի` 324: Հիմա այս երկու հաղորդումներից, ո՞ րն է արժանահավատը մնում է միայն գուշակել։
Սակայն, ինչպես միշտ, ամենամեծ հակասություններն ի հայտ են գալիս, երբ խոսքը գնում է պետությանը պատճառված վնասի մասին: Սրա մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ, բայց այս թեմայով գլխավոր դատախազի ելույթը ավելի է խճճում վիճակը:
• Հաղորդումը բանավոր ներկայացնելիս գլխավոր դատախազը նշել է, որ պետությանը հանցագործություններով պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամ։ Հաղորդման մեջ հիշատակված է 1.4 մլրդ դրամ։ Ընդ որում, բանավոր ներկայացման ժամանակ 1.2 մլրդ դրամը ներկայացվել է իբրև նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցող թիվ։ Այնինչ 2018 թվականի հաղորդման մեջ նշված է, որ միայն կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում վերականգնվել է շուրջ 4 մլրդ դրամ։
• Դատախազության կայքում տեղադրված հաղորդման մեջ (էջ 103) խոսվում է, որ քրեական գործերով, որոնց մեծ մասը կոռուպցիոն բնույթի, վերականգնվել է 12.4 մլրդ դրամ։ Իսկ նույն հաղորդման 152-րդ էջում նշված է, որ բավարարված հայցերի, հարուցված գործերի, նախազգուշացումների արդյունքում վերականգնվել է շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամ։ Ստացվում է, որ քրեական գործերով վերականգնվել է ավելի շատ գումար, քան քրեական գործերի,բավարարված հայցերի ու նախազգուշացումների արդյունքում միասին վերցված։
• Այս թվերը նշելիս, չի կարելի նաև մոռանալ նաև ԱԱԾ կողմից բարձրաձայնված թվերը, որի մասին ես նախկինում ևս հիշատակել էի ու այդպես էլ դրա արձագանքը չստացվեց,որևէ ձևաչափով: Այսպես ի պատասխան Analitik.am-ի հարցման` ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի մարտ ՄԻԱՅՆ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 26 միլիարդ ՀՀ դրամ: Հիմա ի՞նչպես համադրել այս թվերը գլխավոր դատախազի կողմից բարձրաձայնված թվերի հետ:
Ընդհանրապես տպավորություն է, որ որքան այս երկրում պաշտոնյա կա, այդքան էլ կան թվեր՝ պետությանը պատճառված վնասի վերականգման մասին, մեկը ասում է 51 միլիարդ, մյուսը ասում է 48 միլիարդ, էն մյուսը 105 միլիոն դոլար ու այդպես շարունակ:
Սակայն այդ բոլոր թվերը կամ իրականության հետ աղերս չունեն, կամ այդ նույն պաշտոնյաների մեծ երևակայության արդյունքն են, քանի որ հաշվարկի հիմքում ընկած է ոչ թե քրեական գործի շրջանակներում պետությանը պատճառված վնասի հատուցումը, այլ շանտաժի արդյունքում պետությանը նվիրաբերած փողերը։ Ընդ որում զավեշտն այն է, որ անգամ այդ դեպքում, այդ թիվը չի ստացվում։