Վերջին օրերին հաճախ այն միտքն է հնչեցվում, թե երկիրը գտնվում է պատերազմական վիճակում և նման պայմաններում անհրաժեշտ է համախմբվել իշխանությունների շուրջ ու կանգնել նրա թիկունքին:
Կոչը կարող է երկու հասցեատեր ունենալ` Հայաստանի շարքային քաղաքացին և ընդդիմությունը:
Թե շարքային քաղաքացին որքան լուրջ է ընդունում անլուրջ իշխանությունների կոչը, կարելի է նկատել վարչապետի ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվող պատկերներից:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, պիտի հարց տալ, թե ամբողջ երեք ամիս ինչն է իշխանություններին խանգարել արդյունավետ պայքար մղել հասարակության առողջությանը սպառնացող կորոնավիրուսի վտանգի դեմ այն պայմաններում, երբ նույն իշխանությունները խորհրդարանում ունեցել են այնպիսի մեծամասնություն, որը նրանց թույլ է տալիս մեկը մյուսի հետևից ընդունել հակասահմանադրական նախագծեր: Երբ կառավարությունն, ունենալով բացարձակ իշխանություն ու լիազորություն, ընդունել ու գործադրել է հակաճգնաժամային տասնյակ նախագծեր, որոնց արդյունավետության մասին աղաղակում են կառավարության հրապարակված վիճակագրական տվյալները: Երբ իրավապահ ու անվտանգության ուժերը պատրաստ են եղել վայրկյանների տարբերությամբ կատարել վարչապետի իջեցրած հրահանգները՝ սկսած պատերին ծեփելուց ու ասֆալտին փռելուց, վերջացրած երևանյան բակում մանկական խրախճանքի բացահայտումով:
Պայքարում կառավարությանը թիկունքից հարվածելու մեջ ընդդիմությանը մեղադրանք առաջադրելուն զուգահեռ արդար կլինի, եթե ներկայացվի գոնե մեկ դեպք, երբ նույն ընդդիմությունը, ասենք՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն, մերժել են իրավիճակին հաղթահարելու համար կառավարման սեփական փորձով կիսվելու և ունեցած ռեսուրսն այդ ուղղությամբ օգտագործելու «ամենագետ» իշխանության կողմից իրենց ուղղված համագործակցության ձեռքը:
Անկեղծ լինենք: Այսօր էլ ընդդիմությունից պահանջվածը ոչ թե համագործակցություն կամ սեփական փորձով կիսվելն է, այլ ընդամենն իշխանությունների ապաշնորհության դիմաց լռելն ու չխոսելը:
Եվ վերջում պետք չէ պատերազմական վիճակը շփոթել ճգնաժամային պայմանների հետ: Պատերազմական վիճակը 2016 թվականի ապրիլն էր, երբ թշնամին անակնկալ ոտնձգեց մեր սահմանները: Եռամսյա անգործության արդյունքում ստեղծված իրավիճակն ավելի շուտ նման է չարորակ ուռուցքի պատճառած հիվանդության: Իսկ հիվանդությունը բուժելու համար նման ուռուցքը ոչ թե գուրգուրում ու հանդուրժում, այլ ժամ առաջ հեռացնում են: