Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը վարում է հեռավար և դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ խնդրեց հրապարակել նոր տվյալները։ Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 15 մարդ։ «Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի»,- ասաց նա՝ նշելով, որ կա վտանգավոր տենդենց։

«Նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալիզացիայի»,-ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է այնպես անել, որ առողջապահական համակարգն իսկապես կարողանա սպասարկել բոլոր քաղաքացիներին։ «Բայց հիմա պրոբլեմը, որ ունենք, ամենևին էլ առողջապահական համակարգինը չէ, համակարգից դուրս է, խոսքը կանոնների պահպանման վերաբերյալ է, հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ մոնիթորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում, և հիմա արձանագրվում է, որ այստեղ ունենք մեծ ռիսկի գոտիներ։ «Պետք է ցավով ասեմ, որ դրանցից մեկը մեր բանկային համակարգն է։ Երեկ մենք շատ սերտ աշխատեցինք ԿԲ-ի հետ, և կարգավորվեց խնդիրը, բայց այսօր առավոտվանից էլի ստանում ենք տեղեկություններ, որ կանոնները չեն պահվում»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է բանկերում կուտակումներին, ապա Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ երեկ բավականին լավ արդյունքի են հասել սոցիալական տարածություն պահելու առումով, ինչպես նաև դիմակներ, ախտահանող տարբեր միջոցներ են տրամադրվել:

«Ինչ-որ բաներ լուծվեցին երեկ, օրվա վերջին բավականին լավ իրավիճակ էր, այսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստացել երկու մարզից և մեկ՝ Երևան քաղաքի համայնքներից մեկից, որտեղ նույնիսկ մենք կասկածում ենք, որ պրովոկատիվ ինչ-որ բաներ կան և կապվել ենք ոստիկանության հետ»,- ասաց ԿԲ նախագահը և նշեց, որ մարզերում խնդիրը կապված էր թոշակների, սոցիալական ծրագրերի շահառուների սպասարկման հետ:

Նա նշեց, որ բոլոր բանկերում բոլորին խնդրում են պահպանել սոցիալական հեռավորությունը, բաժանում են դիմակներ: «Ես չեմ կարող ասել, որ վիճակը անկառավարելի է, լրիվ կառավարելի վիճակ է, մեկ-երկու դեպք է մնացել»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել