Econews.am-ը գրում է.
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված իր նամակում կոչ է անում կասեցնել <ԱՏ մետալս> ընկերության կողմից իրականացվող ապօրինի գործունեությունը:
Բանն այն է, որ <ԱՏ մետալս> ընկերությունը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի վարչական տարածքում հանքավերամշակման արտադրամաս է կառուցում` ընթացքում առաջացած հողային զանգվածը լցնելով Տաշտուն լեռնային գետի հունի անմիջական հարևանությամբ: Ընկերությունը չունի շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն, համապատասխան նախագիծը դեռևս չի էլ ներկայացրել բնապահպանության նախարարություն՝ փորձաքննություն իրականացնելու համար:
Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Այս տարվա հունիսի 28-ին և 29-ին ականատես եղա այն փաստին, որ <ԱՏ մետալս> ընկերությունը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի վարչական տարածքում հանքավերամշակման արտադրամաս է կառուցում` ընթացքում առաջացած հողային զանգվածը լցնելով Տաշտուն լեռնային գետի հունի անմիջական հարևանությամբ. այդ ժամանակ արդեն հողը լցվում էր նաև Տաշտուն գետը: Շինարարություն իրականացնողները հրաժարվեցին փաստաթղթեր ներկայացնելուց, պատճառաբանելով, թե դրանք գտնվում են <ԱՏ մետալս> ընկերության Երևանյան գրասենյակում: Հուլիսի 1-ին գնացի նշված գրասենյակ, որի պատասխանատու անձ Հայկ Մեժլումյանն ասաց, որ շինարարության թույլտվության փաստաթղթերը գտնվում են Տաշտուն գյուղում: Այդ նույն օրը՝ հուլիսի 1-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացա, որ ընկերությունը այս հարցին առնչվող որևէ փաստաթուղթ դեռևս չէր ներկայացրել փորձաքննության: Նախարարությունից նույնպիսի պատասխան ստացա նաև հուլիսի 15-ին: Պարզվում է, որ <ԱՏ մետալս> ընկերությունը ոչ միայն շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն չունի, այլև համապատասխան նախագիծը դեռևս չի ներկայացրել բնապահպանության նախարարություն՝ փորձաքննություն իրականացնելու համար:
Վստահ ենք, որ Ձեր միջամտությամբ կկասեցվի <ԱՏ մետալս> ընկերության կողմից իրականացվող նշված ապօրինի գործունեությունը, իրավախախտները պատասխանատվության կենթարկվեն և <ԱՏ մետալս> ընկերության միջոցներով ավերված տարածքները կբերվեն նախնական տեսքի:
Հակոբ Արբակի Սանասարյան
Հայաստանի Կանաչների միության նախագահ