Երեկվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել էր նոր կորոնավիրուսով վարակվածների հերթական ռեկորդային թիվը՝ 517 դեպք, իսկ վարակված 19 մարդ մահացել էր։
Այսօրվա տվյալներով՝ 515 դեպք, 12 մահ։
Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, իսկ թվերը գնալով աճելու են։ Նվազել է թեստավորվողների քանակը, այլևս հիմնականում չեն թեստավորում վարակակիրների ընտանիքի անդամներին, մի շարք վարակակիրների հորդորել են ինքնամեկուսանալ իրենց բնակարաններում և հետևողական չեն այդ մարդկանց առողջական վիճակի նկատմամբ։
Բնականաբար, նմանաբնույթ զարգացումների հավանական հեռանկարն առողջապահական համակարգի կոլապսն է։
Ինչ արվեց❗️
Այն դեպքում, երբ մի շարք փորձագետներ կոչ էին անում դեռ փետրվարի կեսերից փակել սահմանները, մինչեւ մարտի երկրորդ տասնօրյակի սկիզբն իշխող ուժը հանրաքվեի քարոզչություն էր իրականացնում՝ վարակի վերաբերյալ անլրջացնող կոչերով և նկարագրություններով ողողելով հանրությանը։
Այնուհետև փակվեցին ուսումնական հաստատությունները։
Մեկ շաբաթ անց ուսումնական հաստատությունները բացվեցին։
Այնուհետև հայտարարվեց արտակարգ դրություն, որը երկարաձգվեց երկու անգամ։
Վարակակիրների աճին զուգահեռ, ի հակառակ ցանկացած տրամաբանության, գնալով մեղմացվեցին սահմանափակումները։
Համավարակի տարածումը կանխարգելող և բնակչությանը սոցիալ-տնտեսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ միջազգային արդեն իսկ առկա փորձն ուսումնասիրելու փոխարեն արտահերթ ընթացակարգով ընդունվեցին մարդու իրավունքները սահմանափակող մի շարք օրենքներ, որոնք վերաբերում են.
1. Քրեական և վարչական պատասխանատվությունների նախատեսմանը կամ խստացմանը՝ արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված,
2. Անձի տեղաշարժը սահմանափակելուն, անձի տեղորոշումը վերահսկելուն։
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար կազմակերպվեց նաև դրամահավաք, ինչի համատեքստում հանրության համար օբյեկտիվորեն պետք է ծագեն առնվազն պատասխանատու գերատեսչությունների գործողությունների վերաբերյալ հետևյալ հարցադրումները․
1. Արդյո՞ք լուծվել է անհրաժեշտ քանակի թեստերի ձեռքբերման խնդիրը,
2. Արդյո՞ք ապահովվել է թեստերի արդյունավետ կիրարկման մեխանիզմի ներդրումը՝ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով,
3. Արդյո՞ք ձեռք են բերվել արհեստական օդափոխման սարքեր, քանի որ դեռևս մայիսի 21-ի տվյալներով, ըստ առողջապահության նախարարի, ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ էր առկա, որոնցից 131-ն արդեն զբաղված էին։
Այսքան իրարամերժ և տրամաբանության հետ աղերս չունեցող գործողություների արդյունքում, այն դեպքում, երբ անգամ Կառավարության և Ազգային ժողովի նիստերին երկու ամիս շարունակ հատուկենտ պաշտոնատար անձինք էին կրում դիմակ, մայիսի 18-ից իշխող ուժը, վերացնելով մարդկային կուտակումներ ենթադրող գրեթե բոլոր սահմանափակումները, պատասխանատվության բեռը գցեց հանրության ուսերին։
Երկու օր հանրության մեղավորությունն ապացուցելու ջանքերն այսօր պսակվեցին գործադիր իշխանության ղեկավարի թևավոր խոսքով առ այն, որ. «Եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն ա բերել էս կառավարությանը»
Ինչ է պետք անել❗️
Սթափվել և օր առաջ փակել երկիրը, մարդկանց համար ապահովել վարկային արձակուրդ, կոմունալ վճարների չվճարման դեպքում ապահովել համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը և սոցիալական աջակցություն տրամադրել անապահով ընտանիքներին։