Ermenihaber.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած ահասարսուռ դեպքին։
ԱՄՆ ոստիկանության ծառայողի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունը ցնցել էր ողջ ամերիկյան հասարակությանը։ Սկիզբ առած բողոքի ցույցերը գնալով ավելի զանգվածային բնույթ են ստացել։ Այս դեպքից ցնցված ցուցարարները Մինեապոլիս քաղաքում իրականացրել են հրկիզումներ, այդ թվում` ոստիկանական բաժանմունքում։
Եվ ահա այս իրադարձությանը խրատական և հանդիմանող ոճով անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նմանատիպ բազմաթիվ իրադարձությունների պատմությամբ հարուստ երկրի առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին ֆաշիզմի, ռասիզմի և անարդար կարգեր սահմանելու մեջ։
Իրեն բնորոշելով որպես իսլամական քաղաքակրթության մի մասնիկ՝ Էրդողանը նաև Ղուրանից է մեջբերումներ կատարել՝ նշելով, որ «սպիտակը սևի և սևը սպիտակի նկատմամբ առավելություն չունի», մարդիկ հավասար են անկախ մաշկի գույնից, կրոնից, էթնիկ պատկանելիության, և իրենք շարունակելու են պայքարը հանուն մարդկության իրավունքների պաշտպանության։
Էրդողանը նաև ցավակցել է սպանված Ջորջ Ֆլոյդի ընտանիքին։