Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 4000-ից ավել բնակչություն ունեցող համայնքներում կամ, նույնն է թե, խոշորացված համայնքներում ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության կարգը համամասնական ընտրակարգով անցկացնելու օրենքը։ Նախկինում այս ընտրակարգը գործում էր Երևանի, Գյումրու և Վանաձորի համար, երբ քաղաքացիները կուսակցական ցուցակներով ընտրում էին ավագանի, իսկ ավագանին էլ իր կազմից ընտրում էր համայնքի ղեկավար, այսինքն՝ նշված 3 համայնքների ղեկավար կազմը ձևավորվում էր միայն կուսակցությունների միջոցով և ոչ մեծամասնական ընտրակարգով։
Համայնքների խոշորացման դեպքում, ինչը կանգ է առել՝ բացառությամբ Իջևանի, որը արագ խոշորացրին, որպեսզի Նիկոլի քավորը դառնա ղեկավար, համամասնական ընտրակարգի ներդնումը վատ տարբերակ չէ, եթե ունենայինք կայացած կուսակցական համակարգ, ինչը չունենք։ Նիկոլի կարևոր խոստումներից էին՝ կուսակցությունների մասին և ընտրական նոր օրենքների ընդունումը, որոնք, ինչպես մնացած խոստումները, չիրականացվեցին։
Ակնհայտ է, որ ընդդիմադիր կուսակցությունները գտնվում են ծանր իրավիճակում, իսկ իշխող ՔՊ կուսակցությունը, տիրապետելով վարչական և ֆինանսական լծակների, ցանկանում է առիթից օգտվել և տեղական ինքնակառավարման մարմիններում էլ հաստատել քաղաքական մոնոպոլիա՝ կանգ չառնելով ոչնչի առջև․ Սյունիքի մարզի համայնքապետերի դեմ սկսված ճնշումները՝ վառ օրինակ։ Միևնույն ժամանակ Նիկոլը լավ հասկանում է, որ համայնքներում ՔՊ-ի կադրային ռեսուրսը զրոյական է, բայց և հասկանում է, որ ծանր վիճակում են նաև մյուս կուսակցությունները։ Նիկոլը հույս ունի, թե ժողովուրդը կքվեարկի նախկինում հայտնի «պոլի փետ լինի, միայն ՀՀՇ-ից լինի», իսկ ներկայում՝ «ՔՊ-ից լինի» սկզբունքով, և իրեն կհաջողվի ՏԻՄ-երը նույնպես ամբողջությամբ վերցնել իր ձեռքը։ Թե որքանով Նիկոլը կկարողանա ամրապնդել քաղաքական մոնոպոլիան, կախված է ընդդիմադիր կուսակցությունների ճկունությունից։