102 տարի առաջ մեր պապերը վերանվաճեցին մեր գոյության և արժանավայել ապրելու իրավունքը:
Իրենց կյանքի գնով ապահովեցին մեր ապագա հաղթանակների տեսլականը: Նաև իրենց կյանքով, պայքարով, գոյամարտով ու հաղթանակներով փորձեցին անգնահատելի դասեր փոխանցել սերունդներին:
Արդյո՞ք լիարժեք հասկացել ու սերտել ենք այդ դասերը: Արցախյան հերոսամարտն ու Ապրիլյան պատերազմը լավագույն վկայությունն են, որ առնվազն սերտողներ եղել են ու, փառք Աստծո, ոչ քիչ:
Բայց կան դասեր, որոնք չեն կորցրել ու դեռ երկար ժամանակ չեն կորցնելու իրենց արդիականությունը:
Մեր ունեցածին, տարբեր սերունդների հերոսների կյանքի գնով մեզ փոխանցածին տեր լինելու, պահպանելու, զարգացնելու, քարը քարին ավելացնելով ամրացնելու և հաջորդ սերունդներին փոխանցելու առավել քան բնական առաքելությունը, ցավոք, լիարժեք գիտակցված չէ…
Իսկ առաջին հայացքից ամեն ինչ թվում է պարզ ու հասկանալի.
- Երբևէ չթողնել, որ դանակը ոսկորին հասնի,
- Չվստահել պետությունը տգետ-անբաններին,
- Ժողովրդին չթողնել անարժեք ու անսկզբունք տեսակի հույսին,
- Հպարտության իրական զգացողությունը չփոխարինել առիթ-անառիթ հնչեցվող, իրական բովանդակությունից կտրված, արժեզրկված ու հորինված տառակույտով,
- Որևէ պարագայում չհանդուրժել սեփական հանրությունը յուրայինների և օտարների բաժանողներին,
- Ստամոքսը չդարձնել գերնպատակ,
- Չխաբվել բառերի տարափին, ուշադիր լինել նպատակին, բովանդակությանն ու գործողություններին,
- Առիթ չտալ դրսում մեզ վրա ծիծաղելու,
- Առիթ չտալ թշնամուն մեր մտքին, մեր կամքին ու բազկի ուժին անգամ ակնթարթ կասկածելու,
- Հարգել, սիրել ու փայփայել սեփական պետությունն ու ժողովրդին՝ մաքուր հոգով ու սրտով և առողջ բանականությամբ....
Մայիսի 28-ի խորհուրդն այս ամենը ներառում է իր մեջ:
Շնորհավորում եմ։