Ծանոթացեք, Սյունիքի մարզային ոստիկանության պետն է` Գևորգ Ազիզյանը:
Քաղաքացիներին հուժկու հաթաթա տվող Ազիզյանը ժամանակին Գորիսի ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր աղմկահարույց միջադեպին մասնակցության պատճառով:
Նրա մասնակցությամբ միջադեպերից մեկը տեղի է ունեցել 2016թ. մարտին։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում էր, թե ինչպես է Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել: Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել:
Միջադեպից կարճ ժամանակ անց՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին, սակայն հուլիսի 15-ին նա կրկին վերականգնվել էր նախկին պաշտոնին։
Գեւորգ Ազիզյանի անվան հետ կապված մեկ այլ միջադեպ էլ տեղի է ունեցել 2017թ. փետրվարին։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էդմոն Խաչատրյանը, հաղորդում էր տվել այն մասին, որ փետրվարի 27–ին իրեն ծեծի է ենթարկել ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր իսկ աշխատասենյակում, փորձելով այդ կերպ քաղաքացուն «պատժել» նույն բաժնի աշխատակցուհուն զանգահարելու եւ անհանգստացնելու համար: Բացի այդ՝ պաշտոնյան Էդմոն Ա.-ին հայհոյել եւ սպառնացել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցել, եթե նա երկու օրվա ընթացքում քաղաքից չհեռանա:
Սա կարճ դրվագ է մարզի գործող ոստիկանապետի անփառունակ անցյալից, ով հավաքված քաղաքացիներին սպառնում է չհեռանալու պարագայում ազատազրկել:
Նրա խոսքերը միտված են հարստացնելու վերջինիս առերևույթ քրեական անցյալը, սակայն, ինչպես պարզ է դառնում, նա շարունակում է մնալ անպատիժ:
Արդյո՞ք «անբասիր» ուղի անցած այս անձը որևէ մեկին պատժելու սպառնալիքի իրավական կամ բարոյական իրավունք ունի` գնահատականը թողնում եմ ձեզ ու իրավապահներին: