Երկրում ստեղծված իրավիճակն այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական։ Ազգային, պետականամետ և քաղաքական հասունությամբ ուժերի կոնսոլիդացիան արդեն ոչ թե անհրաժեշտություն է, այլ հրամայական: Այս ճանապարհով է միայն հնարավոր կանխել առանց իզմերի, անհեռանկար խմբակ-իշխանության ձեռամբ ստեղծված քաոսը: Բոլոր ոլորտներին վերաբերող նույնիսկ ամենալավատեսական վերլուծությունները ցույց են տալիս.
- Իշխանությունը կազմաքանդում է պետության ինստիտուցիոնալ համակարգը։ Սա արշավ է պետության և Ազգի դեմ:
- Երկիրը շնչահեղձ է լինում համավարակի կայծակնային տեմպերից։
- Տնտեսությունը գահավիժում է։
- Ժողովուրդը աղքատության եզրին է։
- Հայտնվել ենք արտաքին քաղաքական մեկուսացման մեջ։
- Արցախի հարցի խաղաղ կարգավորման սկզբունքներն արդեն անտեսվում են միջազգայնորեն:
20 տարի շարունակ միջազգային օրակարգի թեմա դարձած Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման մեր սկզբունքային հարցն արդեն փոխարինվում է ագրեսոր Ադրբեջանի տարածքային ամբողջականության կեղծ հարցով: Սա վտանգ է մեզ համար, և այս վտանգի առաջ մեր պետությանն ու ժողովրդին կանգնեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ երկու տարի շարունակ Ալիև գովերգելով, հակառակորդի համար ընդունելի տարբերակներ փնտրելով:
Հակամարտության կարգավորման փուլում պետության ղեկավարը հանդես է գալիս ագրեսոր հակառակորդի շահերը սպասարկող հայտարարություններով և քայլերով: Սա ոչ թե իշխանություն է, այլ պետություն քանդող և դեպի գաղութացում տանող մեխանիզմ:
Այդ մեխանիզմը հիմնովին խափանել է պետք:
Ես հավատում եմ Աստծո զորությանը, մեր ազգային միասնականությանը և կամքին: Մեր բիբլիական երկիրը չի կարող ղեկավարվել ազգային արժեհամակարգ քանդող, եկեղեցի և կրոն քարկոծող, ավանդական հայ ընտանիքի մոդելը տարատեսակ սեռերով խեղող, իրական ժողովրդավարությունը պոպուլիզմով փոխարինող խմբակի կողմից: