Ինչո՞ւ էի ուզում, որ լինի «Քայլող մարդու» արձան

(հատվածներ մեկուսարանում գրված «Իմ պայքարը» գրքից)

Առաջին բանը, որ կծագի շատերի գլխում, կլինի հետևյալ միտքը՝ «ինչի՞ հետևից են ընկել իմքայլականները էս նեղ պահին, «քայլող մարդու» արձանս ո՞րն ա, էնքա՜ն պրոբլեմ ունի երկիրը, էնքա՜ն հոգս ու ցավ»: Բայց մի շտապեք, նման արձան տեղադրելը մեծ խորհուրդ պիտի ունենար: Եվ այսպես, «քայլող մարդու» արձան դնելը բնավ միամիտ մտադրություն չէր. սա պիտի, իմ կարծիքով, կարծրատիպեր կոտրեր և ամբոխին համոզեր, որ մենք իրոք իշխանություն ենք, այնուհետև՝ մենք իրոք առաջ ենք շարժվում, ինչքան էլ դա շատերին դուր չգար:

Առհասարակ, եկեք անկեղծորեն հասկանանք՝ ո՞վ է այդ «քայլող մարդ» ասածը: Հասկանում եք, քանի որ իմ իրական հետևորդները «որպես տեսակ» վերանում էին, պետք է գոնե արձանով լրացնեի այդ դատարկությունը: Սա, իհարկե, քաղաքական նկատառում էր, բայց կային այլ հանգամանքներ ևս: Բանն այն է, որ հանրության կայացած, մտածող զանգվածի հետ խոսելը հեշտ գործ չէ: Նրանք քննել գիտեն, նրանք հենց այնպես ոչինչ չեն անում, նրանց «դըմփ-դըմփ-հու»-երով չես պարացնի: Ի դեպ, սա մեծ զանգված չէ, բայց շատ դժվար կառավարելի սեգմենտ է, և եթե նա փոխում է իր վերաբերմունքը կամ զայրանում, համը դուրս է գալիս:

Հասարակության մեջ հոգեպես ճնշված, թույլ, թերարժեք, բավականին տգետ ու անուղեղ մի խավ կա, որը սպասում է, որ իր փոխարեն այլք, հատկապես` առաջնորդներն ամեն ինչ որոշեն, իսկ ինքը լինի կատարողը: Այս խավը բոլոր դարերում մեծ ու փոքր իրադարձությունների շարժիչ ուժն է: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը բոլշևիկյան հեղաշրջումից հետո երկրում ստեղծված իրավիճակը այսպես է նկարագրել. «Ամենուրեք կատարյալ քաոս էր, փողոցների, շուկաների, պանդոկների ծույլ, անբան զանգվածը, պռոշները գեշ ձևերով ներկած պոռնիկները, շուկաների ջեբկիրները և ամեն տեսակ թափթփուկներ կարմիր աստղով պոպուլուզավոր գլխարկներ էին դրել, հագել կաշվե բաճկոններ, մեջքներին կապել մաուզերներ, լցվել էին մեքենաների մեջ և «Այս հին աշխարհը կքանդենք մենք…» երգելով Երևանի Աստաֆյան փողոցով վերուվար էին անում և ահաբեկում մարդկանց…»:

Նմանատիպ տեսարանները 2018թ. ապրիլ-մայիս ամաիսներին դուք ևս պետք է որ տեսած լինեիք: Իհարկե, տեսել եք: Իսկ կապը կտրած բոլշևիկի տեղը զբաղեցրել էր իմ «քայլող մարդու» նախատիպը, ասես նա հարություն էր առել: Ու ի՞նչն է զարմանալի… Պարզվում է՝ անգամ իրենք իրենցից գլուխ չհանող, որևէ ճանապարհ չանցած, ամենափոքրիկ փորձից զուրկ, ոչինչ չստեղծած, գիրք չկարդացած, անտեղյակ ու անբան, բայց ագրեսիվ մարդիկ ավելի լավ գիտեն, թե ճիշտը որն է, ինչ պետք է անել այլոց կյանքը, երկրի վիճակը լավացնելու համար: Մի՞թե պատահական է, որ նորմալ մարդիկ այդ իրադարձություններն անվանեցին «ամբոխի զանգվածային խուլիգանություն» և չխառնվեցին խաժամուժի երթերին: Իսկ հիմա՝ ընդամենը երկու տարի անց, այս խաժամուժն այնքան է կտրվել իրականությոնից, որ որոշել է ինքն իրեն վեհացնող արձան ունենալ:

Արձանները ստեղծում են հաջորդ սերունդները, երբ այլևս պատմության կշեռքի վրա «կշռված են» մարդն ու նրա արածը, կարևոր գործերը: Սա նշանակում է, որ պատմությունը տվել է դրա արտոնագիրը, իսկ եթե դու ապրում ես օրվա մեջ, ու դեռ չգիտես արածիդ աժեքն ու կշիռը, պետք է վեր ընկնես տեղդ ու սպասես: Բայց, դե, ես ու իմ տհաս իմքայլականներն այս բաները որտեղի՞ց իմանայինք: Երևի նկատել եք, իմ հանձնարարությամբ այս մատղաշ գործիչները չպետք է անցյալի մասին խոսեն, որովհետև մտադիր ենք ստեղծել այն պատկերացումը, որ մեր ժողովրդի ամենապայծառ էջերը գրվեցին միայն մեր օրոք, մնացածը բանի պետք չէին: Մենք կարծում էինք, որ Էրեբունի, Նորք, Մասիվ և Դավթաշեն թաղամասերից մինչև Հանրապետության հրապարակ քայլելով ու «դըմփ-դըմփ-հու» անելով արդեն փոխում ենք պատմության անիվը: Մի քիչ էլ որ անցներ, հինավուրց Երևանի զբոսայգիներում բալորը կտեսնեին Ալեն Սիմոնյանի, կամ ասենք, Լիլիթ Մակունցի արձանները, որոնց պատվանդանին օրինակ, գրված կլինեին «Մշակույթը ես եմ…» խոսքերը:

Գրողը տանի, և ինչո՞ւ ես իմ թերհասների հետ չկարողացա ավելի համեստ լինել, մանավանդ որ առանձնապես ինձնից շատ բան չէի էլ ներկայացնում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել