Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլի համար իսկական պատուհաս են դարձել այն քաղաքական գնահատականները, որոնք հստակ ու փաստարկված ներկայացնում է ընդդիմադիր հատվածը, հիմնականում՝ արտախորհրդարանական ուժերի ու տարբեր միավորների տեսքով: Հայաստանյան հանրությունը բավական փոքր է և չափից շատ գերքաղաքականացված, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրվա իշխանությունների յուրաքանչյուր գործողություն դառնում է օրվա քաղաքական լրահոսի առանցքային թեմաներից մեկը, այլ բառերով ասած՝ իշխանության ոչ մի կիքս չի սպրդում քաղաքական գործընթացներին ակտիվ հետևող քաղաքացիների աչքից։

Այս ամենը հաշվի առնելով՝ իշխանությունները բավականին գրագետ փորձում են հստակ քաղաքական PR տեխնոլոգիաների միջոցով հանրության մոտ գոյություն ունեցող թեմաները և նրանց կողմից սոցիալական տիրույթներում հնչող մեկնաբանություններն ինչ-ինչ տարբերակներով շեղել․ այդ նպատակով տարբեր ֆեյք-թեմաներ ու իրավիճակային լուծման գաղափարներ են ի հայտ գալիս։ Ահա թե ինչ է անում ՀՀ իշխանությունը, որպեսզի շեղի իր նկատմամբ գոյություն ունեցող ակնհայտ տոտալ գրոհը, որոշակիորեն մեղմի հիմնականում արտախորհրդարանական ուժերի քննադատությունը և իր վրայից թեքի թիրախի վեկտորները։

Այսօր Հայաստանում տիրում է բավականին էսկալացիոն ժամանակահատված, բոլորս ականատես ենք քաղաքական զարգացումների մի տեղապտույտի, որը Նիկոլին մտցրել է փակուղի և օր առաջ կանգնեցրել հրաժարականի փաստի առաջ։ Այս ամենը պայմանավորված է իշխանության կողմից թույլ տրված մի քանի տասնյակների հասնող քաղաքական կոպտագույն սխալների, տրված ու չիրականացված խոստումների, հանրության հիսաթափության, տապալված ոլորտների ամբողջական համայնապատկերով։

Քաղաքական մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծման և իրականացման, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատման վրա՝ ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Մի բան պարզ է, որ իշխանության մոտ ներկայումս տիրում է խուճապային իրավիճակ, ամենուր ականատես ենք լինում ջղաձիգ ու միմյանց հետ կապ չունեցող գործողությունների, ինչը վկայում է, որ ճամպրուկները հավաքելու ժամանակն արդեն վաղուց եկել է։

Հ.Գ. Երբ համավարակից ամիսներ անց միայն պատգամավորները սկսում են դիմակ կրել ու քարոզել, լրիվ էն պատմություն է դառնում՝ «քշի Թուրքիա, նոր եմ իմացել 1915թ. ջարդերի մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել