2020թ․-ի մայիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 141 հոդված, որոնցից 38-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 102-ը՝ չեզոք։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատությունների կիզակետում լինել։ Շարունակվում է ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի և Արայիկ Հարությունյանի հակամարտությունը։ Կենսաֆիզիկոս Սասուն Գևորգյանն, անդրադառնալով այդ թեմային, ասել է․ «Նա միջազգային չափանիշներով ամենասովորական գիտական արդյունքն է տվել, չնայած երեսունյոթ տարեկանում դոկտորական է պաշպանել, սա չեմ էլ ուզում քննարկել: Միակն էր բոլորի մեջ, որի հետ կարելի է խոսել, մնացածի հետ՝ Արայիկ Հարությունյան, Հովհաննես Հովհաննիսյան, Մխիթար Հայրապետյան… խոսելու բան չկար, նրանք գաղափար էլ չունեն, թե գիտությունն ինչ է, և բնականաբար, ոչ մի տեսլական էլ չունեն դրա զարգացման մասին»։
Ըստ լրատվականների` պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ արտակարգ իրավիճակի պայմաններում խոցելի խմբերը՝ քրոնիկ հիվանդություն ունեցողները և տարեցները կարող են աշխատել հեռավար՝ տանից։ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, շատ պետական հիմնարկներ անցել են այս աշխատանքային ռեժիմին մարտի 17-ից սկսած։ Նույնը, որքան տեղյակ էինք, նախարարություններում էր։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է անխտիր բոլորին մայիսի 18-ից ներկայանալ աշխատանքի։ Մարդիկ տարակուսած են եղել՝ կորոնավիրուսը ԿԳՄՍ նախարարության աշխատողներին չի՞ դիպչում։
Լրատվականն, անդրադառնալով ներքաղաքական հարցերին և իշխանության կադրային քաղաքականությանը, գրել է․ «Ասենք, հետաքրքիր է՝ վարչապետը չի՞ փոշմանել Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ դարձնելով։ Պարզ է, չէ՞, որ նա Երեւանի ամենաանհաջող քաղաքապետներից մեկը դուրս եկավ, եւ Երեւանն արժանի չէր նման ղեկավար ունենալուն։ Կամ գո՞հ է արդյոք կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանից, ում ուսերին եւս երկու ոլորտ դրեց առանց մտածելու, որ նա անգամ այն առաջին երկուսից գլուխ չի հանում։ Իսկ ՔՊ-ական մարզպետների՞ց, օրինակ՝ Լոռու, Արմավիրի կամ Վայոց Ձորի մարզպետներից գո՞հ է։ Մեզ ամեն օր նրանց գործունեությունից ամենաարտառոց պատմություններն են պատմում»։⋅