1990 թվականի Սովետի վերջին ակորդներն էի, նոյեմբերը: Տալլինի կենտրոնից տաքսիով գնում եմ «պոդՏալլին»՝ ծանոթ մի լավ կնոջ՝ Ուրվեի դաչան (հիմա երևի մահացել է, ողորմի, այն ժամանակ արդեն պիտի թոշակի գնար, բայց շարունակում էր «Սպորտ» հյուրանոցի սենյակները կարգավորել): Տաքսուց իջնելով` վճարում եմ երկու ռուբլի՝ քսանհինգ կոպեկը սիրով թողնելով վարորդին: Վարորդը, որ էստոնացի էր, խիստ վիրավորվում է. դուրս գալով տաքսուց և մոտենալով ինձ` քսանհինգ կոպեկը վերադարձնում է` կոտրված ռուսերենով ասելով. «Ինձ պետք չէ, վերցրեք, խնդրում եմ, ինձ ամեն ուղևորից տասը կոպեկ է հասնում՝ լրիվ ինձ հերիքում է...»: Ամաչելով և հավանաբար անդաստիարակի տպավորություն թողնելով՝ հեռանում եմ: 
Արդեն շուրջ քսանհինգ տարի է անցել, բայց այս վեհանձն և առաքինի մարդու դասը չեմ մոռանում:
... Շաբաթներ անց, վերադառնալով Երևան, երեկո էր, «Զվարթնոցում» դարձյալ տաքսի վերցնելով, գալիս եմ Մոնումենտ: Ճանապարհին, դեռ տալլինցու բարի տպավորությամբ, հավատով ու վստահությամբ վարորդին վճարում եմ միակ մնացած իմ դրամը՝ քսանհիգանոց ռուբլին: Վարորդը խնդրում է սպասել, որ ինքը մոտիկ մի խանութում մանրի (իր ասելով՝ մանր չուներ), քսան ռուբլի մանրը հետ բերի: Գոհ իջնում եմ և սպասում մեր տան մոտ: Ձմեռ էր արդեն, շատ ցուրտ: Կես ժամ և ավելի սպասում եմ՝ ճամպրուկիս կողքին կանգնած: Այդպես էլ վարորդը չի վերադառնում: Չմոռացա նաև այս ապիկարի դասը. չէ՞ որ ես իմ վերջին փողն էի տվել և դեռ պետք էր հայրենի քաղաք վերադառնայի...
Այդ պահից ցավով և տագնապով հասկացա, որ մենք գնում ենք դեպի անդունդ և անարխիա, որ այս երկիրը կործանվում է: 
Հիրավի, նայեք այսօր Էստոնիային և Հայфստանին...
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ. մի դեպքում էստոնացին քսանհինգ կոպեկ մանրը հետևիցս վազելով, վիրավորված վերադարձնում է, ընդամենը օրեր անց մեր տաքսիստըб խաբելով իր հայրենակցուհուն, քսանհինգ ռուբլին թալանում և քստմնելի նենգությամբ փախչում է...
Իսկ իշխանությունները միշտ էլ հենց մեզանով են կայացել, նաև՝ ինքներս մեր իրավունքները չճանաչելու հաշվին...
Մեծն Թումանյանի խոսքերով՝ ներսից ենք փչացած...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել