11:18 , 20 հուլիս, 2013
1990 թվականի Սովետի վերջին ակորդներն էի, նոյեմբերը: Տալլինի կենտրոնից տաքսիով գնում եմ «պոդՏալլին»՝ ծանոթ մի լավ կնոջ՝ Ուրվեի դաչան (հիմա երևի մահացել է, ողորմի, այն ժամանակ արդեն պիտի թոշակի գնար, բայց շարունակում էր «Սպորտ» հյուրանոցի սենյակները կարգավորել): Տաքսուց իջնելով` վճարում եմ երկու ռուբլի՝ քսանհինգ կոպեկը սիրով թողնելով վարորդին: Վարորդը, որ էստոնացի էր, խիստ վիրավորվում է. դուրս գալով տաքսուց և մոտենալով ինձ` քսանհինգ կոպեկը վերադարձնում է` կոտրված ռուսերենով ասելով. «Ինձ պետք չէ, վերցրեք, խնդրում եմ, ինձ ամեն ուղևորից տասը կոպեկ է հասնում՝ լրիվ ինձ հերիքում է...»: Ամաչելով և հավանաբար անդաստիարակի տպավորություն թողնելով՝ հեռանում եմ:
Արդեն շուրջ քսանհինգ տարի է անցել, բայց այս վեհանձն և առաքինի մարդու դասը չեմ մոռանում:
... Շաբաթներ անց, վերադառնալով Երևան, երեկո էր, «Զվարթնոցում» դարձյալ տաքսի վերցնելով, գալիս եմ Մոնումենտ: Ճանապարհին, դեռ տալլինցու բարի տպավորությամբ, հավատով ու վստահությամբ վարորդին վճարում եմ միակ մնացած իմ դրամը՝ քսանհիգանոց ռուբլին: Վարորդը խնդրում է սպասել, որ ինքը մոտիկ մի խանութում մանրի (իր ասելով՝ մանր չուներ), քսան ռուբլի մանրը հետ բերի: Գոհ իջնում եմ և սպասում մեր տան մոտ: Ձմեռ էր արդեն, շատ ցուրտ: Կես ժամ և ավելի սպասում եմ՝ ճամպրուկիս կողքին կանգնած: Այդպես էլ վարորդը չի վերադառնում: Չմոռացա նաև այս ապիկարի դասը. չէ՞ որ ես իմ վերջին փողն էի տվել և դեռ պետք էր հայրենի քաղաք վերադառնայի...
Այդ պահից ցավով և տագնապով հասկացա, որ մենք գնում ենք դեպի անդունդ և անարխիա, որ այս երկիրը կործանվում է:
Հիրավի, նայեք այսօր Էստոնիային և Հայфստանին...
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ. մի դեպքում էստոնացին քսանհինգ կոպեկ մանրը հետևիցս վազելով, վիրավորված վերադարձնում է, ընդամենը օրեր անց մեր տաքսիստըб խաբելով իր հայրենակցուհուն, քսանհինգ ռուբլին թալանում և քստմնելի նենգությամբ փախչում է...
Իսկ իշխանությունները միշտ էլ հենց մեզանով են կայացել, նաև՝ ինքներս մեր իրավունքները չճանաչելու հաշվին...
Մեծն Թումանյանի խոսքերով՝ ներսից ենք փչացած...