Շնորհակալություն սյունեցիներին դավիթբեկյան ուխտին հավատարիմ մնալու և Լեռնահայաստանի ոգին բարձր պահելու համար։

Այսօրվա կապանյան իրադարձությունների մասին

Ողջունում եմ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և սյունեցիների այսօրվա որոշումներն ու դիրքորոշումը։ Ինչ խոսք, այսօրվա դեպքերը յուրօրինակ լակմուսի թուղթ են, որով կարող ենք տեսնել մի կողմից սյունեցիների արժանապատվության բարձր ընկալումը, մյուս կողմից՝ իշխանությունների ոչ օրինական քայլերը։ Քաջարանի համայնքապետը, միանալով հարյուրավոր ցուցարարներին, ամբողջ օրն անցկացրեց նրանց կողքին։ Օրվա վերջում երկար բանակցություններն ավարտվեցին զիջումներով Մ․ Փարամազյանի և ցուցարարների կողմից։

Այսպիսով կանխվեցին իշխանության կողմից նախապատրաստվող բռնությունները։ Հարկ է նշել, որ թյուր է այն կարծիքը, թե ցուցարարները վախեցել են Երևանից Կապան տեղափոխվող 6-7 ավտոբուս ոստիկանական ներքին զորքերից։ Սյունեցիները երբեք չեն վախեցել իրենց դեմ դուրս եկածներից։ Այո՛, սյունեցիներն ունեն ներելու և հավատալու մեծ հատկանիշներ։ Դա նրանց պարզությունից է գալիս։ Բայց միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ սյունեցիները շատ դաժան և վճռական դիրքրորոշում են ունենում իրենց խաբողների նկատմամբ և երբեք չեն ներում նրանց։

1920-ականներիին, երբ բոլշևիկները խոստումներով մտել էին Սյունիք, սյունեցիները մենակ էին թողել Գարեգին Նժդեհին։ Բայց երբ համոզվեցին բոլշևիկների սպանությունների մեջ և զգացին, որ բոլշևիկները չարաշահել էին իրենց հավատն ու վստահությունը, ոչ միայն կրկին միացան Նժդեհին, այլ նաև էլ առավել ընդգծված համառ և վճռական պայքար մղեցին Հայաստանի բոլոր թշնամիների դեմ՝ կլիներ ռուս կամ հայ բոլշևիկ թե թուրք։

Հայաստանի բոլոր թշնամիները թո՛ղ լավ իմանան, որ ինչքան էլ փորձել են սյունեցիներին կտրել նժդեհյան ոգուց և գաղափարներից, միևնույն է, սյունեցիներն ամբողջությամբ նժդեհյան գաղափարների և արժեքների հիման վրա են ձևավորվել։ Սյունեցիները նժդեհյան արժեքների և ոգու կրողն ու պահպանողն են։

Հ․Գ․ Սյունեցիների հոգեկերտվածքի մասին ամբողջական ընկալումն այսօրվա դեպքերն էին, երբ համայնքապետի գլխավորությամբ բազմաքանակ մարդիկ դուրս էին եկել, որպեսզի պաշտպանեն իրենց համաքաղաքացիների իրավունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել