ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ուղիղ եթերով խոսելով Արցախում ականազերծման ԱՄՆ ծրագրի դադարեցման մասին, մասնավորապես ասել է. «Այժմ, երբ այդ ուղղությամբ մեր աշխատանքներն ավարտված են, մենք փորձում ենք մեր ուշադրությունը բևեռել մեկ այլ ուղղության վրա՝ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կլինի ի աջակացություն ՄԽ աշխատանքներին հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման համար»:

ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունից հետո մի քանի հարց է առաջանում, որը հստակեցում է պահանջում.

1. Արդյոք սա Ադրբեջանին էլ է վերաբերվո՞ւմ: Ադրբեջանն իր համաձայնությունը տվե՞լ է, որ իր բնակչությանն էլ խաղաղության նախապատրաստեն: Թե՞ սա միայն Հայաստանին ու Արցախին է վերաբերվում։

2. Ո՞րն է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու գործիքակազմը՝ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի հանրություններին առանձին-առանձին իրենց երկրներում խաղաղությանը նախապատրաստե՞լը, թե՞ մեկ այլ երկրում կազմակերպվելիք միջոցառումներում ներգրավելը:

3. Կա՞ արդյոք երաշխիք, որ այդ ծրագրերը չեն առնչվելու կողմերի քաղաքական շահերին: Եվ եթե որևէ նման բան տեղի ունենա, դա չի՞ լինի արդյոք ի օգուտ որևէ կողմի քաղաքական շահի:

4. Մեր ԱԳՆ-ն ո՞ւնի պատկերացում, որ ԱՄՆ դեսպանի այս բարի կամքի ներքո կարող են լինել նաև մարտահրավերներ: Մտածո՞ւմ է այդ ուղղությամբ: Հարկ եղած դեպքում կարձագանքի՞ ժամանակին, թե՞ երբ գնացքը գնացած կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել