Հայաստանում հանրային համերաշխության մոդելը կատարելապես տապալված է: Երկու տարի առաջ հանրապետական կին պատգամավորների ու պաշտոնյաների հասցեին հնչեցված ամենաայլանդակ հայհոյանքներից սկսած, վերջացրած օրերս Անժելա Էլիբեգովայի, այսօր Տաթևիկ Ռևազյանի ու հանրային դաշտում շատ այլ մարդկանց հասցեին հնչող այլանդակ ու անպատասխանատու վիրավորանքների պրակտիկան քայքայել է այս հասարակության մտածելակերպը:
Սա ողբերգություն է, չկա որևէ նորմալ ու առողջ հասարակությամբ երկիր, որի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ամեն օր զբաղված է իրար հայհոյելով, որտեղ անձի արժանապատվության պաշտպանությունն այլևս քաղաքական հաշվարկների ու պատեհապաշտության ստորադասն է, որտեղ երեսպաշտությունն արդեն գենետիկ հիվանդության է վերածվում, իսկ հանրային խոսքով մարդուն տեռորի ենթարկելը՝ հաջող քաղաքական գործիք:
Տաթևիկ Ռևազյանի փոքրիկը, վստահաբար, առողջ ու երջանիկ կյանքով է ապրելու, իսկ մեր հասարակության այդպես ապրելու համար արդեն կորսված ժամանակն ու ռեսուրսները, ցավոք, որևէ հուսադրող բան չեն ասում մեր պետության կենսունակության ու հետոյի մասին: Երեսպաշտությունն անդառնալի վնաս է տվել մեր մարդկային կապիտալին: