2019 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաք Երևանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցել հարձակում: Հարձակում գործած անձինք Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ գտնվում են մտերիմ հարաբերությունների մեջ: Վերջիններս թե՛ իրենց հրապարակավ հայտարարություններում, թե՛ իրենց գործողություններում ընդգծում են, որ իրենց գործունեության առաքելությունն է լռեցնել բոլոր նրանց, ովքեր քննադատում են գործող իշխանություններին: Նրանք հանդես են գալիս որպես խմբակ, որը պատրաստ է բռնություն գործադրելով և քրեորեն հետապնդելի այլ արարքներ կատարելով լռեցնել հատկապես Նիկոլ Փաշինյանին քննադատողներին կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո այս խմբակի անդամները, բազմաթիվ հարձակումներ իրականացնելով, ներգրավված են եղել որպես մեղադրյալներ բացառապես «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս խմբակի բավականին ակտիվ անդամներից Հայկ Ստեփանյանը, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ դատապարտվել է կեղծարարության համար, առավել աչքի է ընկնում անհանդուրժողականության կոչերով, ինչպես նաև «պատժիչ» գործողություններ նախաձեռնելով:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակում գործած անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, չեն աշխատում: Վերջիններիս ոչ ֆորմալ աշխատանքը, թերևս, ներկայումս գործող «Հեղափոխության պահապաններ» խմբակի անվան ներքո է իրագործվում։ Ավելին՝ վերջիններիս կապը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև նրանց նկատմամբ իրավապահ մարմինների հովանավորչությունը հիմնավոր կասկած են առաջացնում առ այն, որ սույն անձինք հավաքագրված են հատուկ խմբակում, և նրանց հավաքագրողները նրանց վարձատրում են (քանզի աշխատանք չունեցող անձանց կողմից այլ կերպ հնարավոր չէ իրականացնել ֆինանսական միջոցներ պահանջող գործողություններ) այլախոհ մարդկանց կամ այլախոհ կազմակերպությունների նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է ահաբեկչական խմբակ, որի գործունեությունը, սակայն, իրավապահ մարմիններին համար որևէ անհանգստություն չի առաջացնում: Վերջապես, այս խմբակի գործողությունների հետևանքով տուժած անձանց բողոքները և հանրության զայրույթն անտեսվում են իրավասու իշխանությունների կողմից:

Այժմ` 2020 թվականին, Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և նրա «Հեղափոխության պահապանների» դեմ:

2020 թվականի մայիսի 6-ին վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը, որոշում է կայացրել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցած հարձակման կապակցությամբ հարուցված թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու մասին հանցակազմի բացակայության հիմքով։

Սույն թվականի մայիսի 18-ին բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու և Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի ու Հայկ Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, 143-րդ հոդվածով, 258-րդ հոդվածով և 332-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ:

19 մայիսի, 2020

«Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի
ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել