Այսօր հեռախոսները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը : Դեռ մի քանի տարի առաջ այն պարզապես հրաշք էր համարվում, որը կարողանում էր միայն հեռավորության վրա լսելի դարձնել մարդկանց ձայնը : Իսկ այսօր հեռախոսը բազմաֆունկցիոնալ մուլտիմեդիային «կոմբայն» է : Իհարկե, հիմնական գործառույթը շարունակում է նույնը մնալ, չնայած որ կապը դարձել է թվային և նաև տեսաձայնային :

Մարդկանց մեծ մասը հեռախոսը վերցնելով՝ ասում է «ալո» : Այս բառն այնքան սովորական է դարձել, որ մենք չենք էլ մտածում՝ որտեղից է այն ի հյատ եկել և ինչ է նշանակում :

Չնայած որ հեռախոսի ստեղծողը համարվում է Ալեքսանդր Բելը, այս տեխնոլոգիայի զարգացմամբ ու տարածմամբ զբաղվել է հայտնի ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը : Հենց նա էլ հորինել է այն բառը, որն այսօր լայնորեն կիրառվում է :

1877 թ. Էդիսոնը նամակագրության մեջ էր տելեգրաֆային ընկերություններից մեկի նախագահի հետ : Նրանք խոսում էին նոր սարքավորման՝ ձայնային հաղորդագրություններ ուղարկելու և ընդունելու վերաբերյալ հստակ կանոններ սահմանելու մասին : Ինքը՝ Էդիսոնը առաջարկեց սկսել խոսակցությունը «hullo» բառով : Իսկ ահա հեռախոսը ստեղծողը՝ Ալեքսանդր Բելը, այլ տեսակետ ուներ : Նա տեղին էր համարում խոսակցությունը սկսել «ahoy» բառով : Արդյունքում ապրելու իրավունք ստացավ Էդիսոնի տարբերակը, որը մենք այսօր ևս օգտագործում ենք : «Hullo»-ն ձևափոխվել է «ալլո»-յի :

Էդիսոնի գաղափարը ոչ բոլոր երկրներում է տարածվել : Օրինակ՝ Իսպանիայում հեռախոսազրույցը սկսում են «դիգա» (խոսե՛ք) բառով, Ճապոնիայում՝ «մոսի-մոսի» (խոսում եմ, խոսում եմ), Չինաստանում՝ «վեյ» (հե՜յ), Կորեայում՝ «յոբոսեյո» (նայե՛ք այստեղ), արաբները նախընտրում են «մերհաբա» (բարև) տարբերակը, իսկ իսրայելցիները՝ «շալոմ» (խաղաղություն) :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել