Մենք բոլորս ամենօրյա (online և ոչ միայն) ռեժիմով ականատես ենք լինում նրան, երբ իշխանությունը փորձում է անընդհատ ստանալ զոհի կերպար, և յուրաքանչյուր ստեղծված իրավիճակից փորձում է ամեն գնով մաքուր դուրս գալ։ Եթե փորձես կողքից հայացք գցել տեղի ունեցող հռետորաբանությանը, որն առկա է քաղաքական դաշտում, տպավորություն է, որ իշխանությունն անպաշտպան ու հանրային աջակցության կարիք ունի, իսկ իրականում սա ընթացող շոուի բաղկացուցիչ մասն է կազմում։
Սակայն պետք է արձանագրենք մի կարևոր պարագա․ սեփական երկրում ամենօրյա ռեժիմով անընդհատ տարբեր դավաճաններ, անհասկանալի գործակալներ, հիասթափվածներ ու նախորդ ռեժիմի «մնացորդներ», թալանչիներ փնտրող երկրի ղեկավարը պետք է հիշի հայտնի հին ասացվածքը՝ «կկուն հոտած է, գիտի՝ բույնն է հոտած»։
«Հեղափոխական» իշխանությունն այսօր «հնձում» է այն, ինչ երկու տարի առաջ «ցանել» էր հրապարակներում ու փողոցներում։ Այսօր խտացված ատելությունը մտրակում է իշխանությանը՝ ներսից ու դրսից։ Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ խորհրդարանում, այնքան մտահոգիչ չէր, որքան դրան հետևած՝ Նիկոլի ելույթը, որի ամեն բառն անհաշտ պայքարի մեջ է իրականության հետ։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ քայլած իշխանությունները ևս մեկ ամսով երկարաձգում են արտակարգ դրությունը, ու համապատասխանաբար՝ այն տևելու է մինչև հունիսի 13-ը։ Առաջին հայացքից թվում է՝ ոչ մի տարօրինակ և զարմանալի բան չկա, քանի որ, ըստ մասնագետների՝ կորոնավիրուսային պանդեմիան դեռևս բավականին երկար ժամանակ կուղեկցի մեզ, սակայն դա այդքան էլ այդպես չէ։
Սույն թվականի մայիսի 4-ին Նիկոլը ու իր «պրոֆեսիոնալ» կառավարությունը որոշում կայացրեց և հանեց մինչ այդ գոյություն ունեցող սահմանափակումների արգելքը, որի արդյունքում հանվեցին գրեթե բոլոր սահմանափակումները։ Այսօր արդեն պարետ Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 18-ից բացվելու են բոլոր մանկապարտեզները, իսկ մայիսի 25-ից դիմակ կրելը պետք է լինի պարտադիր պայման, իմաստը մեկ շաբաթ հետո կրել դիմակ, չեմ հասկանում։
Կառավարությունը երկարացնում է արտակարգ դրությունը, սակայն թույլատրում է, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտները, մարզասրահները, սպորտային ակումբներն ու մանկապարտեզներն ու, դրանց գումարած՝ հանրային տրանսպորտն աշխատի, սակայն համարում է, որ, այնուամենայնիվ, երկրում արտակարգ դրություն պահպանելը պետք է։
Ու միանգամից առաջանում է հաջորդ տրամաբանական հարցը՝ ինչի՞ց և ի՞նչ գործիքակազմով պետք է պայքարեն իշխանություններն ու համապատասխան գերատեսչությունները։ Սա վկայում է այն մասին, որ պետությունը հանձնվում է, տրվում է COVID-19-ի քմահաճույքներին, ուրիշ ոչինչ։ Այլ բնորոշմամբ՝ ՀՀ քայլած իշխանությունները քաղաքացիներին թողնում են բախտի քմահաճույքին, որպեսզի ով ինչպես ցանկանում է՝ «կռուտիտ» լինի, և սեփական կյանքի նկատմամբ ինքը միջոցներ ձեռնարկի վարակից խուսափելու համար։
Այստեղ հերթական անգամ գործ ունենք Նիկոլի մանիպուլյատիվ հնարքների հետ, երբ նա ուղղակի իր և սեփական թիմի վրայից գցում է պատասխանատվությունը և փորձում է այս համավարակի պայմաններում նորից ջրից չոր ու առանց «շառի» դուրս գալու հայտնի քաղաքականությունը։ Վստահաբար կարող ենք ասել, որ հետայսու, պատկան մարմինները կսկսեն հայտարարել, որ քաղաքացիները պատշաճ կամք չեն դրսևորում, չեն ցուցաբերում քաղաքացիական նախաձեռնություն ու չեն աջակցում պետությանը կորոնավիրուսային պայքարում։ Կստացվի այնպես, որ համավարակի տարածման հիմնական մեղավորը դարձյալ կլինի ժողովուրդը, անհատը, բայց ոչ երբեք՝ Նիկոլնն ու իր անմեղսունակ կառավարիչները։
Պետք է արձանագրենք մի կարևոր դրույթ ևս․ նման սահմանափակումների բացակայությամբ արտակարգ դրություն հայտարարելը կապված է նաև մի կարևորագույն հանգամանքի հետ, որն ունի քաղաքական ենթատեքստեր․ այս կերպ իշխանությունները կարողանում են կանխել զանգվածային ցույցերն ու բողոքի ակցիաները, որոնք միանշանակ տեղի են ունենալու արտակարգ դրության վերացման առաջին իսկ օրվանից սկսած։ Արտակարգ դրությունն իշխանությունների ձեռքում դարձել է բավականին հարմար «մահակ», որպեսզի կարողանան կոորդինացնել ողջ դաշտը, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ները։
Հ.Գ. Այսօր այնպիսի մի իրավիճակ է, երբ հանձին Նիկոլի ու նրա ղեկավարած ապաշնորհ, ապիկար կառավարության՝ ունենք ՀՀ Երրորդ Հանրապետության պատմության ամենավատ կառավարման համակարգը․ երկրում օրըստօրե հաստատվում է ավտորիտար համակարգին տիպիկ կառավարում։ Այնպես որ, սա բացարձակ քաղաքական ռեպրեսիվ ենթատեքստեր ունեցող գործընթաց է, որը բխում է զուտ Նիկոլի շահերից։