12,000 տարի առաջ Աֆրիկայում բնակված մարդու ոսկրերի ուսումնասիրությունը ցույց  է տվել, որ նա անցքեր է ունեցել շուրթերի և այտերի վրա, որոնք, ամենայն հավանականությամբ, նախատեսված են եղել զարդերի ամրացման համար: Ավելի վաղ նման անցքեր հայտնաբերվել են Ավստրալիայում հայտնաբերված մարդու մնացորդների ոսկրերի վրա: Հնագույն մումիաները, որոնք մի քանի հազար տարվա պատմություն ունեն, հաճախ պատված են լինում տարատեսակ դաջվածքներով և արտաքին այլ փոփոխություններով:

XX դարի սկզբին Տանզանիայի Օլդուվայան քարանձավում հայտնաբերվեց Homo sapiens-ի ներկայացուցչի կմախք, որի «սեփականատերը» ապրել է 12,000 տարի առաջ և մահացել է 25-30 տարեկան հասակում: Ոսկրերն ուսումնասիրող գիտնականներն ուշադրություն են դարձրել կմախքի վնասված ատամներին, որոնց առկայությունը սկզբում կապել են անորակ սննդի հետ: Սակայն հետագայում պարզ է դարձել, որ դա հետևանք է եղել ներքևի շուրթի և այտերի վրա ունեցած փիրսինգների: Հենց փիրսինգները չեն հայտնաբերվել:

Համարվում է, որ Օլդուվայան քարանձավից մարդը Աֆրիկայի տարածքում փիրսինգի առաջին երկրպագուն է եղել: Ամբողջ աշխարհի մասշտաբներով, սակայն, առավել հին տվյալներ կան: Օրինակ՝ 25,000 տարի առաջ ապրել է մի կին, որի ոսկրերի մնացորդները հայտնաբերվել են Չեխիայում: Հնագետներն ուսումնասիրել են նրա գանգը և պարզել, որ նրան հատուկ այլանդակել են մանուկ հասակում: Սակայն կա վարկած նաև առ այն, որ հետքերը պարզապես տրավմայի հետևանք են:

Ավստրալիայի արևմտյան հատվածում գտել են ոսկրե փայտիկ, որի վրա պահպանվել են օքրայի հետքեր: Օքրան բնական հանքային ներկանյութ է, որը հնագույն ժամանակներում մեծ տարածում է ունեցել: Փայտիկի վրա մնացած հետքերը վկայում են այն մասին, որ այն քթի մեջ կրել են մայրցամաքի հնագույն բնակիչները: Դա տեղի է ունեցել մոտավորապես 46,000 տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել