Pastinfo.am-ը գրում է․

Լանզարոտի կոնվենցիայի (պաշտոնական անվանումն է՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) որոշ դրույթների խնդրահարույց լինելու մասին, թերևս, առավել հետևողական արձագանքողներից են նաև իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Եվ ահա, լրատվության որոշ միջոցներ հրապարակել են, որ 10 տարի առաջ հիշյալ անձինք, համապատասխանաբար զբաղեցնելով արդարադատության նախարարի և սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերով նախարարի պաշտոնները, կարծիք են տվել այդ կոնվենցիայի ստորագրման նպատակահարմարության առնչությամբ։ Այս արտաքուստ հակասական իրավիճակի առնչությամբ «Փաստինֆո»-ն պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք պարոն Գևորգ Դանիելյանին։

-  Պարոն Դանիելյան, այս մասին ակնարկում էին սոցցանցերում, բայց կոնկրետ ամսաթվերով հրապարակումները եղան միայն այս օրերին, ինչպե՞ս եք դա մեկնաբանում։

 -  Նախ, յուրաքանչյուրին հայտնի է, որ այդպիսի հնարքները բացառապես վկայում են հակափաստարկների աղքատության մասին, դրանք կիրառվում են ճարահատյալ, երբ ասելիք չկա։

Ստորագրության նպատակահարմարության մասին կարծիքը շեշտադրողները լավագույն դեպքում առնվազն համարժեք պատկերացում չունեն դրա իրավական նշանակության մասին, իսկ վատագույն դեպքում՝ փորձում են բավարար չափով իրավական գիտելիքների չտիրապետող հանրային միջավայրում ցանկալի տպավորություն ստեղծել, թե իբր կա տեսակետները վերանայելու փաստ, սա, թույլ տվեք ասել՝ պարզունակ մանիպուլյացիա է։ Սա այն դեպքն է, երբ փորձում են մութ սենյակում կատու որսալ։ Մյուս կողմից, այս արջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել, իմ դիրքորոշումը բացարձակապես քաղաքական ենթատեքստ չունի և թելադրված է ընդամենը մեր երեխաների և թոռնիկների լավագույն շահերով։ Մեր նկատառումները միտված են օրենսդրական քաղաքականությունը բարելավելուն, ոչ թե այդ քարոզիչների ոճով անվերապահորեն ցանկացած նախաձեռնություն պաշտպանելուն, մանավանդ, որ այդ պաշտպանողները որևէ պատասխանատվություն չեն կրում և ուրիշի հաշվին  ակտիվություն են անում։

- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում ստորագրելու նպատակահարմարության առնչությամբ ձեր և պարոն Գևորգ Պետրոսյանի կարծիքը։ Տաս տարի առաջ ներկայիս խնդիրները նկատելի՞ չէին։

-  Ոչ, նկատելի չէին, քանի որ բոլորովին այլ էին ընկալումները, այլ էր սոցիալ֊հոգեբանական մթնոլորտը։ Որևէ մեկը դեմ չէր, օրինակ, որ երեխաները խելամտության կանխավարկածով սեռական դաստիարակություն ստանան, սակայն դա չպետք է նենգափոխվեր և հավասարեցվեր այնպիսի կրթական ծրագրերի հետ, որոնց վատթարագույն արդյունքի ականատեսն ենք եվրոպական շատ երկրներում։ Տա Աստված, որ հայրենի իշխանությունը տուրք չտա ներկայումս մեծ ակտիվություն դրսևորած այն ուժերին, որոնք քարոզում են հենց այդպիսի կրթական ծրագրերի անխուսափելիությունը և հընթացս առաջ են մղում նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գաղափարը։ Մեր խնդիրն էլ հենց այն է, որ աջակցենք առողջ ուժերին՝ դիմակայելու այդպիսի խիստ կասկածելի նկրտումներին։

- Իսկ ի՞նչ իրավական նշանակություն ունի միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիքը, այն, իրո՞ք, ակնհայտ ենթադրում է, որ ստորագրված պայմանագիրը պետք է վավերացվի։

- Այդպիսի թյուրըմբռնմանը, հավանաբար, տեղիք է տվել կոնվենցիայի խնդրահարույց լինելու առնչությամբ իմ տեսակետին՝ արդարադատության նախարարության արձագանքը, որում արտացոլված է այդպիսի տարամեկնաբանության տեղիք տվող դատողություն, ինչին սակայն հանգամանորեն անդրադարձել եմ։

Սակայն, հավանաբար, անհրաժեշտ է առավել համակողմանի անդրադառնալ այդ խնդրին։ Միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տաս տարի առաջ իմ կողմից կարծիք հայտնելու մասին հայթայթած տեղեկատվությունը, որպես գյուտ ներկայացնելու առթիվ  ներկայացնեմ որոշ նկատառումներ՝

ա) ակնհայտ հակացուցումներ չբովանդակող, այդ թվում վիճահարույց բազմակողմանի միջազգային պայմանագրերը ստորագրվում են, որպեսզի արտաքին քաղաքականության համատեքստում ի սկզբանե այն տպավորությունը չձևավորվի, թե գործադիր իշխանության մարմինները խուսափում են իրենց երկրում ներազգային քննարկումներ իրականացնելուց և փորձում են սպառիչ դիրքորոշում հայտնել նաև Սահմանադրական դատարանի փոխարեն: Ստորագրելը նույնիսկ իրավական անգնահատելի հնարավորություն է՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով կոնվենցիան քննարկելու և այն չեղյալ համարելու համար։ Ընդ որում, մեր ներկայիս նկատառումներն ուղղված են եղել նրան, որ վավերացնելուց հետո զերծ մնանք եվրոպական վատագույն փորձի ընդօրինակումից և

բ) տաս տարի առաջ անգամ ամենավառ երևակայության դեպքում հնարավոր չէր կռահել, որ այդ կոնվենցիան երբևէ կարող էր համարվել, որպես «հարմար առիթ» երեխաներին անհրաժեշտ սեռական դաստիարակության քողի տակ այնպիսի կրթություն նախատեսելը, որի արդյունքում մանուկների մոտ անխուսափելիորեն ծագում է անառողջ հետաքրքրասիրություն՝ սեռական հարաբերությունների և այլասերվածության հանդեպ (սա մանկական հոգեբանների տեսակետն է)։ Փաստն այն է, որ եվրոպական շատ քաղաքներում ծնողների հուզումների ազդեցության տակ այդ կրթական ծրագրերը հանվում են։

Վերը նշված դատողությունների համար հիմք է հանդիսանում կոնվենցիայի ստորագրումից հետո այնպիսի միջազգային փաստաթղթերի ի հայտ գալը, որոնք արդեն այլ եզրահանգումների առիթ են՝ մասնավորապես կրթական ծրագրերի վերաբերյալ Առողջապահության միջազգային կազմակերպության մշակած չափորոշիչները և այլն։ Մտահոգիչ  է նաև մանուկների կրթության համար լույս տեսած, այսպես կոչված՝ ձեռնարկների առնչությամբ հանրության մտահոգություններին՝ ակնհայտ ոչ համարժեք արձագանքները։

Այսպիսով, ստորագրության նպատակահարմարությունը դիտարկվել է սոսկ իրավաքաղաքական մշակույթի տվյալ փուլի բաղադրիչների հաշվառմամբ։ Հույս ունեմ, որ տեսակետ հայտնողներին հանիրավի այլ հարթությամբ հակադարձելու անպտուղ փորձերի, անհեռատես, այսպես կոչված, բացահայտումների փոխարեն, կձևավորվի հանրային քննարկումների առողջ հարթակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել