Վերջին գրեթե մեկ շաբաթվա ընթացքում համացանցում, թե՛ հայկական, թե՛ ռուսական կայքերում, մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանի մասին տասնյակ հոդվածներ են գրվել, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մեկնաբանություններ։ Չանդրադառնալով դրանցից և ոչ մեկին, և որն ամենակարևորն է, ապրելով Մոսկվայում, որտեղ էլ ներկայումս, Հրաչյային նախաքննչական մեկուսարան տեղափոխելուց հետո ծավալվում են նրա հետ կապված բոլոր գործընթացները, ներկայացնում եմ ձեզ իմ զրույցը ՌԴ–ում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամլո խոսնակ Էդվարդ Ջամբազյանի հետ։

– Պարոն Ջամբազյան, Հայաստանի դեսպանատունը ե՞րբ արձագանքեց միջադեպին:

– Տեղեկանալով կատարված ողբերգության մասին, ընդ որում, մենք այդ մասին իմացել ենք ոչ պաշտոնական ճանապարհով՝ լրատվամիջոցներից, միջադեպի նույն օրը առաջին հերթին փորձել ենք ճշտել Հայաստանի քաղաքացիների առկայությունը տուժածների ցուցակում։ Դա մեր պարտականությունն է։ Որից հետո տեղեկանալով, որ միջադեպում մեղադրվում է մեր հայրենակիցը՝ Հրաչյա Հարությունյանը, այդ մասին տեղեկացրել ենք ՀՀ ԱԳՆ, իսկ դեսպանատունը սկսել է համագործակցել ռուսական համապատասխան մարմինների հետ։
Պետք է ասեմ, որ մեր հնարավորություններն առաջին փուլում սահմանափակ էին, քանի որ Հրաչյա Հարությունյանը գտնվում էր հիվանդանոցում, վերակենդանացման բաժնում, բժիշկների հսկողության տակ և, բնականաբար, ոչ ոքի թույլ չէին տալիս մտնել նրա մոտ։ Այդ ընթացքում մեզ ոչ ոք չի ասել, որ Հրաչյա Հարությունյանը հագուստի կամ ինչ–որ մի այլ բանի կարիք ունի։

– Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան տանելը մարդու իրավունքների խայտառակ խախտում է, մեծամասնության կարծիքով, ազգային արժանապատվության նսեմացում։ Ինչպիսի՞ն է դեսպանատան կարծիքը։

– Մենք միանշանակ համարում ենք, որ նման տեսքով մարդուն, անկախ ազգային պատկանելիությունից, դատական նիստին բերելն անհարիր է և մարդու իրավունքների ոտնահարում։ Բոլորը մեզ հետ այս պարագայում համաձայն են, և՛ քննիչները, և՛ փաստաբանները։ Սակայն մենք չունենք նման տեղեկություն, որ Հարությունյանին նման ոչ պատշաճ տեսքով դատարանում ներկայացնելը կապված է նրա հայ կամ Հայաստանի քաղաքացի լինելու փաստի հետ։ Ի դեպ, Հրաչյա Հարությունյանին չեն տեղեկացրել, որ իրեն տանում են դատարան, ու նա ուշադրություն չի էլ դարձրել, թե իրեն ինչ են հագցնում, և միայն դատարանում, տեսնելով հավաքված լրագրողներին, հասկացել է, թե որտեղ է։

– Ի՞նչ պատճառաբանություն է տալիս ռուսական կողմն այս առումով։

– Ռուսական կողմը բացատրում է, որ դա միտումնավոր չի եղել։ Զոհերի թիվը և հասարակությունում իշխող մթնոլորտն իրենցից պահահանջել է գործել հապճեպ, և այդ սխալը թույլ է տրվել։

– Պատմեք դեսպանատան ձեռնարկած գործողությունների մասին։

– Հուլիսի 17-ին եղել ենք Հրաչյայի մոտ, հանդիպել նրա հետ, ճշտել, թե ինչի կարիք ունի, իսկ արդեն հուլիսի 18-ին` առավոտյան, երկրորդ հանդիպման ժամանակ, նրան հագուստ և սննդամթերք ենք տարել, չնայած ասեմ, որ ինքը սննդամթերքի կարիք չունի։
Դեսպանն անձամբ խոսել է Հարությունյանի կնոջ հետ, հավաստիացրել, որ դեսպանատունն ամեն ինչ անում է և կանի իր քաղաքացու համար։
Անձամբ ես խոսել եմ Հրաչյայի կնոջ և դստեր հետ, պատմել մեր՝ նրա հետ հանդիպման մասին։ Ի դեպ, լրագրողներից մեկը, չեմ ուզում կայքի անունը տալ, հուլիսի 18-ին տպագրել է մի հոդված, ըստ որի ես Հարությունյանի հարազատներին խոսք եմ տվել կազմահերպել հեռախոսազրույց Հրաչյայի հետ։ Պետք է ասեմ, որ նման գործողությունն արգելված է օրենքով՝ հետաքննության ողջ ընթացքում։
Նաև գիտեմ, որ Մոսկվա է գալու Հարությունյանի եղբայրը և սպասում եմ նրա զանգին։

– Ինչպիսի՞ն կլինեն գործընթացները։

– Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Հետաքննությունն ընթանում է և նրա ավարտից հետո միայն պարզ կլինի։ Բնականաբար, մենք հետևում ենք հետաքննական ընթացքին դիվանագիտական շրջանակների սահմաններում՝ պաշտպանելու համար Հայաստանի քաղաքացու իրավունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել