Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, թե «գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը, այդտեղ հանցակազմ չի տեսնում»: Եվ ելնելով դրանից՝ արել է հարցադրում, թե «եթե գլխավոր դատախազն առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն) արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչո՞ւ է ուղարկել «քննության»:
Ենթադրում եմ՝ «գործի քննություն» երևույթից, ինչպես իր գրառման մեջ տիկին Խառատյանն է նշում, «վատ պատկերացում» ունենալն է նման անհիմն հետևություններ կատարելու պատճառը, որովհետև, անկախ նրանից՝ ով ինչ է ասել տիկին Խառատյանին, փաստն այն է, որ ինչպես նրա, այնպես էլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի, նրա դստեր հասցեին սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ հանցագործության մասին հրապարակային ներկայացված հաղոդրումներին ծանոթանալուց անմիջապես հետո հենց գլխավոր դատախազի ցուցումով են դրանք ուղարկվել ՀՀ քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Այսինքն՝ ակնհայտ է, որ եթե ՀՀ գլխավոր դատախազը դրանցում առերևույթ հանցակազմի հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ չտեսներ, բնականաբար, դրանք Ոստիկանություն չէին ուղարկվի:
Հետևաբար, ամենայն հարգանքով տիկին Խառատյանի նկատմամբ, ցավալի է, որ նախքան հրապարակում կատարելը նրա կողմից փորձ չի արվել նախ՝ բարելավելու իր պատկերացումները քրեադատավարական ընթացակարգերից՝ հրապարակայնորեն չտրվելու համար տրամաբանական որևէ հենք չունեցող մտածումներին և կանխակալ կարծիք չձևավորելու ինչպես գլխավոր դատախազի գործողությունների, այնպես էլ սկսված քննության նկատմամբ: