Azatutyun.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հայտարարում է, որ խորհրդարանում այլևս ֆիզիկական անվտանգության խնդիր կա իրենց համար: Մայիսի 8-ին Ազգային ժողովում ԼՀԿ խմբակցության ղեկավարի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Մարուքյանը հայտարարեց, որ իրենք լքում են դահլիճը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Ե՞րբ ԼՀԿ-ն կվերադառնա Ազգային ժողով

«Միջադեպից հետո մենք հույս ունեինք, որ այն, ինչ տեղի է ունեցել, կստանա քաղաքական գնահատական, և այդ քաղաքական գնահատականը ոչ միայն անհրաժեշտ էր իշխանության արժանապատվության և բարոյականության պաշտպանության համար, այլև որպեսզի նման դեպքերն առհասարակ կանխարգելվեն Ազգային ժողովում: Քանի որ չի եղել քաղաքական գնահատական, տեղի ունեցածը չի ունենալու հետևանքներ, ոչ միայն քաղաքական, այլև պիտի ունենա իրավական հետևանքներ, մենք կարծում ենք, որ կա ֆիզիկական անվտանգության խնդիր այդ դահլիճում, որովհետև այս օրերի ընթացքում մեր նկատմամբ, մեր թիկունքից հնչել են սպառնալիքներ: Մենք կարծում ենք, որ այս պահին այդ նիստերի դահլիճ վերադառնալը հղի է շատ լուրջ, վնասակար, վտանգավոր հետևանքներով»,- հայտարարեց Անի Սամսոնյանը:

Հարցին, թե ի՞նչ կպատահի, եթե վերադառնան նիստերի դահլիճ, պատգամավորը պատասխանեց.- «Առաջին խնդիրը մենք տեսնում ենք, և դրա ապացույցն է հայտնի միջադեպը, Դուք տեսաք, թե ինչպես օրինակ` քաղաքական ելույթ ունեցող ընդդիմության խմբակցության ղեկավարի նկատմամբ տեղի ունեցավ հարձակում նրա ելույթի համար Ազգային ժողովի ամբիոնի մոտ, այսինքն` մեր կողմից հնչող որևէ քաղաքական ելույթ մեր գործընկերները կարող են համարել սադրանք, և դա իրենց իրավունք պիտի տա հարձակվել մեզ վրա, սրանից մենք այլևս պաշտպանված չենք: Մեր բացակայության ժամանակ նիստերի դահլիճում ելույթ հնչեց, որի ընթացքում մեզ փորձեցին վախեցնել ինչ-որ կառույցով, մասնավորապես` «Երկրապահով», փորձեցին վախեցնել, որ եթե ձեզ հետ կլինեն ինչ-որ բաներ, մենք դրա համար պատասխանատվություն չենք կարող կրել:

Ահա նման ելույթներն ու միջադեպը մեզ տալիս են հիմքեր, որ մենք գնահատենք իրավիճակը շատ սթափ ու հասկանանք, որ այդ նիստերի դահլիճում որևէ գործողություն մեր կողմից, քաղաքական ելույթ օրինակ` իշխանության համար կարող է դիտարկվել սադրանք, և մենք կարող ենք ենթարկվել հարձակման»:

«Տիկին Մակունցը պառլամենտը շփոթել է շուկայի հետ»

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ Սասուն Միքայելյանի հայտարարությունը սպառնալիք չէ, բացի այդ, Սասուն Միքայելյանը վայր կդնի մանդատը, եթե Էդմոն Մարուքյանը ևս մանդատը վայր դնի: Այս հայտարարություններին անդրադառնալով ԼՀԿ խմբակցության անդամն ասաց.- «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարություններն ինձ համար զարմանալի չեն, որովհետև եթե տիկին Մակունցը չի նկատել կամ հերքում է, որ մեզ վրա հարձակվել են, և նա դա իրական սպառնալիք չի համարում մեզ համար, իրական սպառնալիք չի կարող տեսնել նաև պարոն Միքայելյանի ելույթներում:

Եվ երկրորդ` ես կարծում եմ, որ տիկին Մակունցը պառլամենտը շփոթել է շուկայի հետ, մենք առևտուր չենք անում, այն էլ մեր մանդատների, այն մանդատների, որ մեզ տվել է շուրջ 80 հազար քաղաքացի, մեզ գործուղել է Ազգային ժողով, որպեսզի մենք իրականացնենք մեր ընդդիմադիր առաքելությունը, և մենք դա շարունակելու ենք իրականացնել»:

«Իմ ելույթներում ես որևէ վիրավորական արտահայտություն չեմ անում»

Օգտատերերից մեկի հարցադրմանը, թե համաձա՞յն չէ, որ ամեն ինչ սկսվել է հենց Ձեր խմբակցությունից, ինչպես նաև, որ ինքը` Սամսոնյանը, արհամարհական է խոսում խորհրդարանի հանդեպ, իսկ ձայնում նյարդային դողով հնչած արտահայտությունները կարող են հեշտությամբ հունից հանել դիմացինին, և արդյո՞ք իրեն ուղղորդում են այդպես դրսևորվել, թե՞ դա տակտիկա է, Անի Սամսոնյանն արձագանքեց.- «Օգտատերը կարիք ունի ավելի ուշադիր հետևել պառլամենտեում ելույթներին, բոլոր ելույթներն իրենց մեջ կրում են էմոցիոնալ երանգ, և իմ ելույթներում ես որևէ վիրավորական, որևէ դատապարտելի արտահայտություններ չեմ անում, նախադասություններ չեմ անում, իմ ելույթներում ես փորձում եմ բարձրացնել հարցեր, որոնք շատ կարևոր են քաղաքացիների համար, միշտ փորձում եմ, որպեսզի իմ խոսքը լինի թիրախային, անում եմ շեշտադրումներ, որոնք կարևոր եմ համարում, և կարծես թե դրանք տեղ են հասնում, որի պատճառով էլ մենք փաստորեն կարող ենք ենթարկվել հարձակման խորհրդարանում»:

Այս միջադեպով պետք է իրավապահները զբաղվեն

Հարցին` ի՞նչ հետևություններ են արել այս միջադեպից, արդյո՞ք լինելու են կոնկրետ գործողություններ, դիմելո՞ւ են Էթիկայի հանձնաժողով ձևավորելու համար Սասուն Միքայելյանի և մյուս 2 հետևից խփող պատգամավորների համար` Վահե Ղալումյանի (Վահե Ղալումյանը նշել է, թե հետևից չի հարվածել Մարուքյանին, այլ քաշել է հետ, որպեսզի նա չհարվածի Սասուն Միքայելյանին) և Արտակ Մանուկյանին (Արտակ Մանուկյանը ևս հայտարարել է, որ չի հարվածել), Անի Սամսոնյանը պատասխանեց.- «Մինչև այս միջադեպը «Իմ քայլը» խմբակցությունն էր մեզ սպառնում, որ կստեղծի Էթիկայի հանձնաժողով և կքննարկի մեր վիրավորանքները, բայց այսօր «Իմ քայլը» խմբակցությունը չի տեսնում որևէ առիթ, որ ստեղծի հանձնաժողով և քննարկի այս միջադեպը: Բայց սա այնպիսի միջադեպ է, որը պարզապես Էթիկայի հանձնաժողովի շրջանակներում քննարկելու չէ, որովհետև տեղի է ունեցել հարձակում և բռնություն մարդու նկատմամբ, հարձակվել են Ազգային ժողովի ամբիոնի մոտ, հարվածել են կողքից, մեջքից, ամբողջ տեսագրությունը կա, և հանրությունը տեսել է, թե ովքեր են եղել հարձակվողները: Սա պետք է ոչ միայն քննարկվի Էթիկայի հանձնաժողովում, այլև սա պիտի լինի իրավապահների աշխատանքը, պիտի հարուցվեն քրեական գործեր, որտեղ տեղի է ունեցել հարձակում մարդու վրա, և այս պատգամավորներն, իմ կարծիքով, պիտի զրկվեն անձեռնմխելիությունից, և հետևաբար նրանք որևէ անելիք չունեն Ազգային ժողովում»:

2018-ին ելույթներով են քննադատել Սերժ Սարգսյանին

Օգտատերերից մեկն էլ նշել է, թե հեղափոխության ժամանակ «Լուսավոր Հայաստանը» հարմար տեղավորվել էր խորհրդարանում ու ծափահարում էր Սերժ Սարգսյանին, իսկ օրեր առաջ էլ դեմ քվեարկեցի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքին: Ըստ օգտատիրոջ` տպավորություն է, որ կուսակցությունը ժողովրդի կողքին չէր ու չի:

«Ոչ մեկը չի ծափահարել Սերժ Սարգսյանին պատլամենտում, այլ հնչել են շատ կոնկրետ ելույթներ, և դա եղել է հնարավորություն, որպեսզի ՀՀ երրորդ նախագահ և վարչապետի աթոռը զբաղեցնողի ուղիղ դեմքին ասվեր այն, ինչ պիտի ասվեր, կարող եք տեսնել, որ մեր պատգամավորները շատ կոնկրետ, թիրախային նրան ասել են այն ամենը, ինչ մտածում էին մեր պատգամավորներն իր կառավարման ու իշխանության մասին:

Երկրորդ` մենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքին դեմ չենք քվեարկել, առաջին ընթերցմանը կողմ ենք քվեարկել, ասել ենք, որ ներկայացնելու ենք առաջարկներ, քանի որ օրենքն ունեցել է իրավական անորոշություններ, եթե այս օրենքով գոնե մեկ անմեղ մարդ տուժի, ուրեմն մենք կունենանք խնդիրներ:

Մեր առաջարկները ներկայացրել ենք, դրանք չեն ընդունվել, մեր մտահոգությունները չեն փարատվել, իշխանությունը մեզ չի երաշխավորել, որ անմեղները չեն տուժելու, մենք ձեռնպահ ենք քվեարկել այս օրենքին:

«Լուսավոր Հայաստանը» 2 տարի խորհրդարնում անընդմեջ խոել է այն մասին, որ երբ և ինչպես է թալանը հետ բերվելու: Էդմոն Մարուքյանի ելույթը, որն ընդհատվեց, ևս նվիրված էր, թե ինչպես է հետ բերվելու թալանվածը պետբյուջե»:

5 բարեփոխում գործող իշխանության օրոք` ըստ Սամսոնյանի

Օգտատերերից մեկի խնդրանքով ԼՀԿ-ական պատգամավորները թվեց 5 կարևոր բարափոխում, որ կատարվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից: Դրանք են` բանակում սննդի փոփոխությունը, պաշտպանության համար ձեռք բերկված ինքնաթիռները, Արցախի ֆինանսավորումը, տնտեսական հաջողությունները: «Որի մասին 2019 թվականի համար նշել ենք և ասել ենք, որ բախտի բերմամբ ունեցել ենք շատ մեծ տնտեսական հաջողություններ, և այդ կուտակած գումարներն էր, որ առաջարկում էին բաժանել հիմա սոցիալական վիճակում գտնվողներին»,- նշեց նա: 5-րդ ձեռքբերումը պետական համակարգում աշխատողների աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումն է:

Անի Սամսոնյանը նաև շեշտեց, որ երբեք չեն ժխտել, որ թալան եղել է նախկին իշխանությունների օրոք, և որ այն պետք է հետ բերվի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու պիտի վստահեն մի ուժի, որը իրեն չեզոք դիրքերում ու շառից-փորձանքից հեռու է պահել միշտ, և ինքը` Սամսոնյանն էլ երբեք չի մասնակցել ցույցերի, պատգամավորն ընդգծեց` ինքը ցույցերին մասնակցել է ոչ թե նկարվելու և լուսանկարները հրապարակելու համար.- «Ես քաղաքական անհնազանդությանն ու ցույցերին մասնակցել եմ միայն իմ քաղաքացիական կյանքի և իմ պարտքը բարելավելու համար»:

Հեղափոխության մասին էլ նա նշեց, որ բազմիցս խոսել են, ասել, որ մտահոգություններ են ունեցել, որ «Մարտի 1» չկրկնվի.- «Բայց դա չի նշանակում, որ մենք անմասն ենք մնացել հեղափոխությունից, մենք էլ ենք կատարել աշխատանք, ես ինքս գնացել եմ ոստիկանություն բերման ենթարկվածների հետևից, բայց դա մեզ առիթ չի տվել, որ հավակնենք իշխանության կամ խոսենք այդ դիրքերից»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել