ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները և նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական և հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաև սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ և անհանդուրժողական վարքագծի դրսևորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետևանքներով:

Այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի և իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու և իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի և կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով: Քաղաքացու և իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ: Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է և սահմանված ժամկետում կպատասխանվի: Միևնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները և շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը:


Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միևնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ և կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել և մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, և շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները:

Հիշեցնենք՝ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց։ «Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին։ Բյուջեի կատարողականն Ազգային ժողովում սխալ ա զեկուցվում։ Զեկուցում են, թե 300 միլիարդ ուղղվել է գյուղատնեսությանը, չկա տենց բան,այդ գումարները մանիպուլյացիաներով դարձրել են առևտրային բանկերի սեփականություն։ Ես չեմ ասում իմ ու մյուսի հարցը լուծեք, ասում եմ համակարգն ավելի արդյունավետ դարձրեք, որ քաղաքացին չուզենա գնալ երկրից» , - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Քաղաքացու խոսքից հետո, երբ սկսեց ելույթ ունենալ Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ԿԲ-ի դիմաց հավաքված ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին նրան։ Մի խումբ ոստիկաններ ուժով դեպի ոստիկանական մեքենաներն էին քաշքշում քաղաքացիներին։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն ասացին, որ գնում են բերման ենթարկված իրենց ընկերների հետևից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել