Ի դեպ, մայիսի 8-ին՝ մինչ խորհրդարանում իրար բզիկ-բզիկ անելը, մի ուշագրավ բան էլ տեղի ունեցավ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արսեն Ջուլֆալակյանի ծնունդը շնորհավորելուց առաջ կամ հետո մոռացավ կեսբերան ասել, որ նաև Շուշիի ազատագրման օրն է, ու շնորհավորեր այդ կապակցությամբ։ Երբ նրան մի քանի անգամ տարբեր տեղերից հիշեցրին, նոր միայն ասաց, որ մայիսի 8-ին փառահեղ հաղթանակ․․․ և այլն, և այլն։

Ինչո՞ւ սա հիշեցի։

2019 թվականի մայիսի 8-ին ԱԺ-ում դարձյալ նիստ էր, ու Արարատ Միրզոյանը էլի մոռացել էր շնորհավորել։ Տեղից Սասուն Միքայելյանը հուշեց ու ասաց, որ այդտեղ միտում է տեսնում, քանի որ դրանից առաջ էլ՝ մարտի 5-ին, մոռացել էր շնորհավորել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։

Հատկանշանակ է, որ, օրինակ, իմքայլականները չեն մոռանում շնորհավորել խորոված փարթիի օրը, որը ստացել է Քաղաքացու օր անունը, բայց ազգային հաղթանակների մասին մոռանում են սովորաբար։

Սա քաղաքականություն է, մարդիկ ասել են, որ իրենց համար ռադիոյի շենքի գրավումը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, և ամենակարևոր տոնը, Անկախության տոնին հավասար, Քաղաքացու օրն է։ Մյուս տոները՝ հեչ, մյուս հաղթանակները՝ հեչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել