Armdaily.am-ը գրում է․
Այսօր խորհրդարանում վիճաբանություն և ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդոմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Ծեծկռտուքին միացան նաև իմքայլական այլ պատգամավորները, որոշներն էլ փորձում էին հանդարտեցնել կրքերը: ԼՀԿ-ն հայտարարեց, որ մինչև միջադեպին քաղաքական գնահատական չտրվի ու այն քաղաքական հետևանքներ չունենա, իրենք նիստերի դահլիճ չեն վերադառնա: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ մեղադրեց Մարուքյանին սադրանքների մեջ: Իսկ ահա վարչապետի ելույթից պարզ դարձավ, որ ոչ մի հետևանք էլ այն չի ունենալու: ԲՀԿ-ն այս ընթացքում, կարծես, լուռ հետևում էր:
«Մեր խմբակցության դիրքորոշումը հետևյալն է`յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի կոնստրուկտիվ դաշտում և առհասարակ, յուրաքանչյուր այսպիսի միջադեպ շատ վատ է անդրադառնում ամբողջ պառլամենտական գործառույթներին: Պետք է անել ամեն ինչ, որ զերծ մնալ այսպիսի միջադեպերից»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Հարցին` հանդիպում, քննարկում եղել է մյուս խմբակցությունների հետ, Աբովյանը նշեց. «Ոչ, քննարկումներ չենք ունեցել շատ պարզ պատճառով, որ մեր դիրքորոշումը, դա մերն է և կրկին անգամ ոչ թե հանդարտության կոչ է, այլ կոչ է կոնստրուկտիվ մթնոլորտում, դաշտում աշխատել և յուրաքանչյուր սուր հարցերը լուծել այնպիսի քաղաքական ֆորմատով»: Աբովյանը նաև հավելեց, որ միջադեպին ելույթով չեն անդրադառնա։ «Արդեն բազմաթիվ քոմենթներ ենք տվել մամուլին, կարծում ենք, որ ավելորդ անգամ չի կարելի և պետք չի շահարկել այսօրվա միջադեպը: Մեր դիրքորոշումը շատ հստակ է` յուրաքանչյուր վեճ պետք է լուծվի քաղաքական դաշտում»: