Ադեկվադ միաբանությունը դատապարտել և դատապարտում է քաղաքական պայքարի շրջանակներում հայհոյանքի, բռնության, ինչպես նաև երեսպաշտության դրսևորումները: Մայիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում Edmon Marukyanի վրա տեղի ունեցած հարձակումն ընդամենը մեկ դրվագ է նմանատիպ տասնյակ հարձակումներից: 2018 թվականի հեղաշրջումից ի վեր նորաթուխ իշխանություններն իրենց գործիքակազմում մշտապես կիրառվող զրպարտությանն ու հայհոյանքին ավելացրեցին բռնությունը, որը հետևողականորեն կոծկվում է իրավապահ մարմինների կողմից:
Այս համատեքստում հարկ է նշել` ազատազրկման վայրերից ազատ արձակված բազմաթիվ հանցագործների, այդ թվում, պետության դեմ ծանրագույն հանցանքներ գործած ահաբեկիչների մասին: Իշխանությունները պետական մակարդակով հովանավորում են հայհոյանքի ու զրպարտող նյութերի տարածումը դրա վրա ծախսելով միլիոնավոր դոլարներ: Այդ ամենին ընդդիմացող գործիչները պարբերաբար ենթարկվում են հարձակումների, վնասվում է նրանց գույքը, այդ հանցանքները հաճախ ուղեկցվում են հրազենի կիրառությամբ, սակայն մեղավորները մնում են անպատիժ: Այս ամենը տեղի է ունենում ոչ միայն միջազգային կառույցների հովանու ներքո, այլ նաև իբր թե մարդու իրավունքների առաջխաղացմամբ զբաղվող դեսպանատների քար լռության ուղղեկցությամբ:
Մինչև այսօրվա միջադեպը իշխանությունների ապօրինությունների հանդեպ խիստ հանդուրժող կեցվածք էր որդեգրել նաև հարձակման թիրախ դարձած Էդմոն Մարուքյանն ու իր առաջնորդած կուսակցությունը: Դատապարտելով սույն երևույթը` Ադեկվադ միաբանությունը վերահաստատում է իր անդամների պատրաստակամությունը հակադարձել այս հանցավոր իշխանություններին բոլոր ճակատներում և սատար կանգնել օգնության կարիքը ունեցող մարդկանց` անկախ նախկինում գործած սխալների: Միաբանությունը նաև հույս է հայտնում, որ մարուքյանները գոնե այսուհետ կգիտակցեն երեսպաշտության ծանր հետևանքները: