Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի (որպես «ճ» կլասի երկրի) արտաքին քաղականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է:

Նշեմ, որ Փաշինյանի՝ ներքաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ շահելու նպատակով արված այս հայտարարությունները ոչ միայն մեծ հարված են հասցնում Հայաստանի միջազգային իմիջին, այլ նաև դրանցով վարչապետն ուղղակիորեն հակասում է իր նախորդ հայտարարություններին։

Բանն այն է, որ դեռևս 2018թ.-ին Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ իր՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակական բնույթ է կրելու, և այդ ուղղությամբ որևէ փոփոխություն տեղի չի ունենալու: Ավելին՝ արդեն վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել, որ, չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր և Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է:

Այսինքն՝ նախկինում վարչապետը փաստացի ընդունում էր, որ Հայաստանն իրականացրել է բավականին հաջողված արտաքին քաղաքական գործունեություն՝ դրանով միջազգային հանրության մոտ հուսալի գործընկերոջ համբավ ստեղծելով: Եվ այն, թե ներկայումս ինչ նոր ստեղծվող արտաքին քաղաքականության մասին է նշում ՀՀ վարչապետը, թերևս մնում է անհասկանալի:

Եթե գործընկեր պետությունների հետ վերջնագրերով խոսելն ու բավական կոշտ դիրքերից հանդես գալն է հաջողության ցուցիչ համարվում, և դա է հանդիսանում նոր քաղաքական ուղենիշի հիմքը, ապա հարկ է նշել, որ այդ ուղղությամբ շարժվելն իր մեջ բավականին մեծ ռիսկեր է պարունակում և ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնում:

Դրա վառ ապացույցն է վերջին երկու տարվա ընթացքում ռազմավարական-դաշնակից և գործընկեր պետությունների հետ հարաբերություններում առկա լարվածությունը, որն աստիճանաբար էլ ավելի է խորանում:

Եթե նախկինում Հայաստանը, վարելով «և՛…և՛»-ի հավասարակշռված քաղաքականություն, առնվազն գիտեր, թե ինչ ուղղությամբ է շարժվում և կարողանում էր բավականին մեծ ձեռքբերումներ գրանցել արտաքին քաղաքական ոլորտում ու գործընկեր պետությունների կողմից ընկալելի լինել, ապա ներկայումս ոչ միայն ձեռքբերում չկա, այլ ընդհակառակը, չկշռադատված քայլերի պատճառով տապալվել են արտաքին քաղաքական բոլոր ուղղությունները:

Հարկ է վերջապես գիտակցել, որ Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն ազգային անվտանգության կարևորագույն հիմնասյուներից մեկն է, ու ցանկացած չմտածված հայտարություն կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Եվ ի վերջո հարկավոր է նաև հասկանալ, որ սեփական վարկանիշը պետական շահից գերադասելն անընդունելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել