Pastinfo.am-ը գրում է․

Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից երկու լուծում կա՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կամ նոր՝ հակաճգնաժամային կառավարության ձեւավորման:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Թեւանյանի խոսքով, Հայաստանում այսօր առողջապահական եւ սոցիալ-տնտեսական բնույթի ճգնաժամ է ապրում, որին գումարվում են նաեւ արտաքին քաղաքական մարտահրավերները՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի ու հայ-ռուսական հարաբերությունների հետ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Անդրանիկ Թեւանյանի խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրատեսական չէ , բայց նոր՝ ազգային համաձայնության ձեւավորումը, նրա համոզմամբ , օրակարգային խնդիր է եւ ճգնաժամի խորացմանը զուգահեռ սրվելու է:

«Մենք տեսնում ենք այն հանգամանքները եւ գործոնները, որոնք ազդելու են քաղաքական զարգացումների վրա: Եթե ճգնաժամը խորանա, զուգահեռ այդ հարցը հասարակական պահանջ ու քաղաքական խնդիր է դառնալու, իսկ մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսի հետ կապված եւ վարակվածների թվերն են աճում եւ սոցիալ-տնտեսական խնդիրները չեն կարգավորվում: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի բարդ մեխանիզմ է ենթադրում: Հավանական սցենարն այն է, որ լայն կոնսոլիդացիա ձեւավորվի, այդ թվում իշխանության ներսի առողջ հատվածի եւ արտախորհրդարանական ուժերի ու խորհրդարանական ուժերի մասնակցությամբ»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ այս դեպքում արդեն էական չի լինելու, թե իշխանության առաջին դեմքն ինչ է մտածում:

Նկատենք, որ վերջին շրջանում տարբեր արտահոսքեր են տեղի ունենում իշխանության ներսում առկա խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, խոսվում է որոշ պատգամավորների մանդատը վայր դնելու պահանջի մասին, փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հրաժարականի, որը լրատվամիջոցների հետ զրույցում այսօր հերքել էր այդ լուրերը՝ նշելով, թե չգիտի որտեղից են դրանք, բայց ըստ էության չէր հերքել իշխանության ներսում առկա տարաձայնությունների մասին տեղեկությունները՝ անպատասխան թողնելով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին հարցը:

Ինչ վերաբերում է երկրում կառավարման ճգնաժամի առկայությանը, Անդրանիկ Թեւանյանը նշեց՝ կա որակի եւ արդյունավետության ճգնաժամ, իսկ քաղաքական մեծամասնությունը իներցիայով պահպանվում է: Անդրանիկ Թեւանյանը շեշտում է՝ կառավարման ճգնաժամը Հայաստանում առկա էր մինչեւ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, իսկ այս պայմաններում այն առավել ցայտուն է դարձել:

Ինչ վերաբերում է խորհրդարանի եւ կառավարության լեգիտիմության հարցին առհասարակ, Թեւանյանի խոսքով, այն երկու կոմպոնենտ ունի՝ զուտ իրավական տեսանկյունից եւ կոմպետենտության: «Օրինականության հետ կապված որեւէ մեկը կարծես այդ հարցը չի դրել, բայց կոմպետենտության տեսանկյունից արդեն, կարծես թե, բոլոր շրջանակներն են ընդունում այն, որ իշխանությունը կոմպետենտ չէ եւ այդ տեսանկյունից, լեգիտիմության հարցը բարձրանում է»,-եզրափակեց Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ հակաճգնաժամային լայն կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա բոլոր կարող ուժերի շրջանում, որոնք հնարավորություն ունեն իրենց պոտենցիալը ներդնել ճգնաժամը հաղթահարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել