2020 թ․-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, news.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։
Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 573 հոդված, որոնցից 150-ը՝ բացասական, 32-ը՝ դրական, 391-ը՝ չեզոք։
Մշտադիտարկման արդյունքներով ընտրված առաջատար 5 կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են ավելի շատ բացասական, քան դրական հոդվածներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով վարչապետի և հոսանքի անջատումներից տուժած քաղաքացիների զրույցին, ասել է․ «Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու նրանց հեռախոսի համարները անձնական տվյալ են. դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում»:
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ «Հեղափոխության պահապաններ» խումբը գործում է Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Հրապարակման մեջ ասված է․ «Այս խմբակներից մեկն էլ, որ հարձակում էր գործել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա, պաշտոնապես գործում է «Հեղափոխության պահապաններ» անվան ներքո՝ ուղղակիորեն նշելով, որ սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս պայմաններում, երբ հանրապետության տարածքում գործում են խմբակներ, որոնք գտնվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորության տակ եւ ահաբեկում մարդկանց, կանխատեսելի են դարձնում բռնությունների աճը` մահվան ելքերով»:
Դրական է գնահատվել այն հոդվածը, որտեղ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուկչյանն, անդրադառնալով այն բողոքներին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաինյանը կարող է բարձրանալ Ծիծեռնակաբերդ, քաղաքացիները՝ ոչ, ասել է․ «Բոլորին էլ պարզ է, որ սահմանափակումները, մասնավորապես՝ այս տարի Մեծ եղեռնի հուշահամալիր մարդկանց գնալու արգելքը, կատարվել է ոչ թե քաղաքական իրողությունների կամ նախասիրությունների շնորհիվ, այլ համաշխարհային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Բոլորին էլ պարզ է, որ երկրի վարչապետը, անկախ անձից, ունի այնպիսի «կարելի»-ներ, որոնք չունեն մի շարք այլ պաշտոնյաներ և քաղաքացիեր, և միակ «արտոնությունը», որը չունի ՀՀ վարչապետը և մնացած բոլոր պաշտոնատար անձիք, քաղաքացիները, օրենքի առաջ հավասարությունն է, ինչն այս դեպքում չի խախտվել: #Եղեքառողջ, մարմնի և ոգու ամբողջ կառուցվածքով»:
News.am-ում հրապարակվել է 178 հոդված, որից բացասական՝ 69, դրական՝ 7, չեզոք` 102։
Կայքում տեղ է գտել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի անդրադարձը, որը Նիկոլ Փաշինյանի՝ զանգը քաղաքացիներին համարել էր PR, քանի որ գործ ունենք անձնական տվյալների ապօրինի մշակման հետ։
Հրապարակումներում անդրադարձ կա նաև «Հեղափոխության պահապաններ» խմբին։ Ըստ հրապարակման՝ նրանք գործում են Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։
Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հակադարձել է Նիկոլ Փաշինյանին։ Ավանդական այգիներ հիմնելու գաղափարի շուրջ բանավեճ է եղել, և Տիգրան Ավինյանը չի համաձայնել վարչապետի հետ․ «Ինչո՞ւ ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո, նաեւ ավելի խիտ են տնկվում ծառերը։ Այսինքն՝ մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք, սկսենք ֆինանսավորել հին «զապորոժեցնե՞րը»»:
Դրական է առանձնացվել այն հրապարակումը, որտեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, գոյություն չունի, ասել է․ «Թե ժամանակին այդպիսի բան է եղել, ինչո՞ւ Վանեցյանը դա չի արել: Եվ թող նշի, թե որ մի կոնկրետ ապաշնորհ գործողությունների հետեւանքով է, որ այսօր ոստիկանություն չունենք: Այսօրվա հանրային կառավարման մի կարեւորագույն բեռը ոստիկանության վրա է, ուղղակի կանխարգելման աշխատանքները երբեմն անշնորհակալ են մնում: Մենք չենք իմանում, թե ինչպեր կարող էին լինել, որոնք չեն եղել, կանխարգելվել են: Ոստիկանությունն իր ծառայությունն իրականացնում է բավարար մակարդակով: Ոստիկանությունն այսօր զարգացում է ապրում, կա ռազմավարական զարգացման ծրագիրը: Եթե Վանեցյանը նման բան է ասում, ապա որտեղի՞ց հայտնվեց այդ ռազմավարական զարգացման ծրագիրը, եւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի այդ բարեփոխումները հնարավորինս արագ հասնեն իրենց ավարտին»:
aravot.am-ում հրապարակվել է 114 հոդված, որից բացասական՝ 42, դրական՝ 6, չեզոք` 66։
Լրատվականում հրապարակվել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը, որտեղ քաղաքագետն, անդրադառնալով ներքաղաքական հարցերին, գրել է․ «Պրոպագանդայի համար պետք է նաև հակադրություն՝ «սև»-ի ու «սպիտակ»-ի առկայություն: Պետք են թշնամիներ, որոնց դեմ «պայքարում» պետք է ներգրավել հնարավորինս մեծ քանակի բազմություն և, բնականաբար, առաջնորդել նրանց դառնալ իրավիճակի տերը: Պետք է նաև սահմանափակել մարդկանց ընտրության հնարավորությունը, եթե ոչ «մենք», ապա «նրանք» են գալու: «Հեղափոխական պրոպագանդայի» նպատակը ոչ թե հանրային համերաշխություն՝ «սիրո և հանդուրժողականություն» ձևավորելն է, այլ թշնամիներ մատնանշելով՝ ձևավորել համախոհների բանակ, ինչով այս երկու տարիների ընթացքում զբաղված է Նիկոլ Փաշինյանը»։
Վաչէ Բրուտեանն իր հոդվածում կրկին անդրադարձել է ներքաղաքական հարցերին՝ գրելով․ «Հիասթափուած չեմ այսօր մեր երկրին մէջ տիրող իրավիճակէն, որովհետեւ Փաշինեան երկու տարիէ ի վեր փողոցային լեզուով անդադար կը սպառնայ աջին ու ձախին, ասֆալթին փռելով, թաթիկները կտրելով ու այս բոլորը՝ յանուն «սիրոյ եւ համերաշխութեան»։ Այսինքն սիրոյ եւ համերաշխութեան քօղին տակ, ան բացայայտօրէն երկիրն ու ժողովուրդը կը պառակտէ, ատելութիւն կը սերմանէ։ Գաւառի ու Նորադուսի դէպքը, ոստիկանութեան աչքին դիմաց, նորագոյն փաստն է»։
«Այն բառապաշարով, որով վարչապետը խոսում է այդ թեմայով, հարիր չէ իր պաշտոնին»,- հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների՝ նախկինում իշխանություններից գումար ստանալու մասին հայտարարություններն ու մեղադրանքները, «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպած ասուլիսին այսպես է պատասխանել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Դրական է գնահատվել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս նշել է․ «Ով-ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը»։
Armtimes.com.am-ում հրապարակվել է 112 հոդված, որից բացասական՝ 2, դրական՝ 6 , չեզոք` 102։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ մոտ 200 միլիարդ ազատ փող կա, դա մեր ժողովրդի փողն է, որը Կառավարությունը չի ուզում տալ ժողովրդին:
Դրական է գնահատվել այն լուրը, ըստ որի՝ 2019 թվականի նույն ամսին տպագրվել էր 35.2 մլն հատ ՀԴՄ կտրոն՝ 145 մլրդ դրամ շրջանառությամբ։ Ստացվում է, որ 2020-ի մարտին՝ շուրջ 1.2 մլն հատով կամ 3.4 տոկոսով ավելի շատ ՀԴՄ կտրոն է տպագրվել, սակայն դրա շրջանառությունը շուրջ 5 մլրդ 700 մլն դրամով կամ 3.93 տոկոսով պակաս է եղել 2019-ի մարտից։
Դրական մյուս հոդվածները կրկնվում են։
1in.am -ում հրապարակվել է 107 հոդված, որից բացասական՝ 7, դրական՝ 12, չեզոք` 88։
Խաչատրյանների փաստաբանական խումբն արձանագրել է, որ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ և հավելել է․ «ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը, ըստ իր կողմից պաշտոնական հաստատման, խոսում է ՀՀ վարչապետի և Կառավարության անունից՝ համաձայնեցնելով բովանդակությունն իր անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն թույլ տվեք նշել, որ առնվազն այնթույլատրելի է նման բարձր պաշտոնին նման հայտարարությամբ կանխակալ իրավական գնահատականներ տալն ու արտահայտություններ անելը, ինչպիսիք են, օրինակ, «կառավարության ունեցած տվյալներով» կամ «ապօրինի ծագում ունեցող գույք»: Երբվանի՞ց է վարչապետի աշխատակազմը քննչական գործառույթներ ստացել։ Մենք արձանագրում ենք, որ տեղի ունեցածն առանց ենթատեքստի և բաց ուղղորդում է իրավապահ մարմինների գործունեությանը: Այս հայտարարությունից հետո պաշտոնատար անձինք, որոնք պետք է այս գործին առնչվեին, ուղիղ ու բացահայտ ճնշման մթնոլորտում են գործելու և կաշկանդված կլինեն արձանագրել որևէ այլ իրողություն, քան այն ինչ ներկայացվել է ՀՀ վարչապետի խոսնակի անունից որպես «օբյեկտիվ» իրողություն»։
Դրական հոդվածները վերաբերում են վարչապետի մամուլի խոսնակի ապրիլի 24-ի միջոցառումների վերաբերյալ հայտարարությանը։
Tert.am-ում հրապարակվել է 62 հոդված, որից բացասական՝ 30, դրական՝ 1, չեզոք` 31։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը և վարչապետի կողմից հարցն անպատասխան թողնելուն. «Լավրովին պատասխանել է պետք: Ինչքան ուզում եք ձգձգեք, ավելի ծանր վիճակի մեջ եք ընկնելու։ Սկզբում Ռուսաստանը հայտարարեց գազի գնի բարձրացում, հետո «Գազպրոմը» սկսեց բնակարաններում գազերը անջատել, հրապարակեցին կոմպրոմատ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործարքների մասին, ավելի ուշ՝ աներձագի սիգարետային մաքսանենգության մասին։ Կարևոր չէ, որ սրանց մեջ նաև ստեր կան։ Միևնույն է, Ռուսաստանը շարունակելու է նման արտահոսքերը»։ Կայքում տեղ է գտել Արթուր Վանեցյանի քննադատությունն ուղված իշխանություններին, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի։