Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ծխախոտի մաքսանենգության հարցով դեռևս չեն պատրաստվում քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկ ներկայացնել:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, հարցը գտնվում է իրավապահների տիրույթում և պետք է սպասել նրանց եզրակացությանը:

«Չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նման առաջարկով հանդես կգա, այս հարցին նախ իրավապահ համակարգը պետք է պատասխանի: Այս հարցով պետք է զբաղվեն Դատախազությունը կամ էլ ԱԱԾ-ն: Երբ իրենք իրենց գործառույթները հավուր պատշաճի չկատարեն, նոր կքննարկենք մեր հետագա քայլերը, այս պահին նման բան չենք քննարկում ու չեմ կարծում, որ իմաստ ունի առաջ ընկնել ԱԱԾ-ից և դատախազությունից»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանն էլ հայտնեց, որ ծխախոտի մաքսանենգության թեման խմբակցությունում չեն քննարկել:

«Գործին ամբողջությամբ ծանոթ չեմ, խմբակցությունում այդ հարցը չենք քննարկել, երբ հստակ դիրքորոշում լինի, փաստական հանգամանքներին ծանոթ լինեն որոշում կներկայացնենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ «Բոյլերնայա» Telegram-ալիքը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգային ծխախոտների խմբաքանակ։ Բռնագանձվել է 40 տոննա կամ 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով, իսկ ինքնաթիռի չվերթը մեկնարկել է հենց Երեւանից։ Բեռի մոտավոր շուկայական արժեքը կազմում է ավելի քան 300 մլն ռուբլի։ Ինչպես հայտնում է «Բոյլերնայան», կալանավորված ինքնաթիռը, Հայաստանից Աֆղանստան էր թռչում՝ Կրասնոդարում եւ Դուշանբեում կանգառներով։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել էր, որ կան բազմաթիվ հարցեր, թե այդ ինչ ծխախոտ էր, ուր էր գնում, ում գրպանն էր այդ գումարները մտնելու, դա առաջին անգամ էր, թե ոչ, ինչպես է եղել, որ արտակարգ դրության ժամանակ Հայաստանից ինքնաթիռ է թռչել և մաքսանենգ ապրանք տարել այն դեպքում, երբ արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռը կարող է դուրս գալ, երբ վարչապետը դրա մասին առնվազն գիտի: Ըստ նրա՝ ծխախոտի մաքսանենգության հարցը քննելու համար ընդդիմադիր խմբակցություններն անմիջապես պետք է քննիչ հանձնաժողով ստեղծեն:

Նշենք նաև, որ Ռուսաստանում 40 տոննա մաքսանենգ ծխախոտով ինքնաթիռի բռնագանձման տեղեկատվության տարածումից հետո, մամուլը սկսեց գրել, որ ծխախոտի մաքսանենգությունը կապված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել