Մեկ տարօրինակ սխալի մասին: Մի քանի ԶԼՄ-ներ երեկ գրեցին, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Շատերն էլ այդ լուրը կուլ տվեցին հալած յուղի տեղ, հասկանում եմ, իհարկե, շատերի գայթակղությունը, բայց երկու հանգամանք եմ պարզաբանում միամիտների համար.
1. Հայաստանում քրեական գործ հարուցում են ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ կոնկրետ հանցակազմով, անգամ եթե կասկածյալն ակնհայտ է, քրեական գործը ինչ-որ մեկի դեմ չի հարուցվում, ինչ-որ մեկի դեմ քաղհայցեր են լինում: Այդ գործով տուժած մարդը` Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության (12.04.2012) մեջ կասկածվող երիտասարդի հայրը, դատարանում 2013 թ. հուլիսի 16-ի նիստի վերջում հայտարարել է, որ իրեն հարվածել են դատարանի միջանցքում այն ժամանակ, երբ իր վկայությունները տալուց հետո Ղուկասյանն իր մի խումբ ուղեկիցների հետ դուրս է ելել դահլիճից:
2. Վարդան Ղուկասյանի «դեմ», եթե իշխանությունը կամենար քրեական գործ բացել, վաղուց այդ հիմքերն ուներ, կաներ մի քանի հիմքերով: Չի արել, չի անում ու չի անելու, ինչպեսեւ` Վարդան Ղուկասյանի ընկեր Սուրիկ Խաչատրյանի (Սյունիքի նախկին մարզպետ) եւ էլի մի շարք համանման համակիրների հանդեպ: Այս մարդիկ Սերժ Սարգսյանի, թող ներվի ասել, քաղաքական հենարանն են եղել, լավից-վատից նրանք են եղել ու կան հակաժողովրդական ռեժիմի պարագլուխների կամակատար հենարանները, ամեն անգամ որեւէ դրական տեղաշարժ միայն այդ «առաջնորդներով», իսկ չարիքը լրատվական կառույցներով ու ներքին թշնամիներով պայմանավորելով` ովքեր էլ լինեն այդ ռեժիմի գլխին: Վարդան Ղուկասյանը իրեն շատ էլ լավ է զգում, ազատ է դատարանին անօրինական պահանջներ ներկայացնելու (լրագրողներին դատարանի դահլիճից հանել), փաստաբաններին անհարգալից վերաբերվելու (դու, դեւ) եւ որոշ դատավորների կզած պահելու հարցերում:
Ս. Սարգսյանը, ինչպես միշտ, տեղյակ չէ իր իրավապահ համակարգից, կամ չի ուզում տեղյակ լինել, կամ տեղյակ է, բայց չի ուզում, որ մարդիկ մտածեն, թե ինքն էդքան ազատ ժամանակ ունի, որ տեղյակ լինի էս տեսակ մանր հարցերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել