Armdaily.am-ը գրում է․
Վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան Փաշինյան-Ավինյան հակասությունների մասին։ Եւ եթե անգամ այդ լուրերը հերքվում են, դրանք բոլորովին չեն դադարում քննարկվել, նոր երանգներ ստանալ կամ ճիշտ համարվել։
Իսկ ավելի հաճախ ականատես ենք, որ այդ լուրերը մի քանի օր ուշացումով հաստատվում են, կամ հաստատվում են՝ պարզապես այլ նրբերանգներով մատուցելով մանրամասները։
Իշխանական մեր աղբյուրները հավաստում են, որ կառավարությունում խիստ լարվածություն կա Փաշինյանի եւ Ավինյանի թիմերի միջեւ։
Բանն այն է, որ Ավինյանը կարողացել է կառավարման այս ընթացքում աշխատասեր երիտասարդներով թիմ ստեղծել, աշխատել բազմավեկտոր՝ մտնելով ամեն կառույց եւ ամենուր փորձելով ազդեցության դաշտ ունենալ։ Իսկ Պարետի պաշտոնում Ավինյանը կարծես լուրջ «կիքսեր» չի ունեցել, համենայն դեպս՝ նրա մասնակցությամբ միջադեպեր, ակներեւ հակասական հայտարարություններ չկան, իհարկե, այլ հարց է արտակարգ դրության ռեժիմի մտցնելը, պահպանելը եւ մյուս ստրատեգիական խնդիրները, որոնք քննարկում է գործադիրը եւ Ավինյանի միանձնյա որոշելիքը չէ։
Սակայն, արտակարգ դրության օրերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից աճող դժգոհությունների, հակասական հայտարարությունների պատճառով քննադատությունների ֆոնին՝ փոխվարչապետ Ավինյանի վարկանիշը աճում է։
Պատկերացնում եք՝ ինչքան են նվազագույնի հասցվել հանրության սպասելիքները պաշտոնյաներից, որ Ավինյանին հավանում են, քանի որ հավասարակշիռ է։
Իսկ Ավինյան-Փաշինյան հակասությունները, ինչպես տեղեկանում ենք մամուլից, արդեն հրապարակային նրբերանգներ են ստանում, մասնավորապես՝ օգնական Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դռները կապակնքելու, Գեորգի Մուրադյանին պարետատնից հեռացնելու, սոցիալ-տնտեսական ոլորտների կուրացիան Մհեր Գրիգորյանին հանձնելու եւ այլն։ Այս հակասություններն այնքան են խորացել, որ, օրինակ, պարետ համարվում է Ավինյանը, բայց պարետատան խոսնակը ոչ թե նրա խոսնակն է, այլ վարչապետի խոսնակը, մինչդեռ ի սկզբանե որոշվել էր, որ խոսնակ չպետք է լինի։
Պատահական չէ, որ այսօր տարբեր լրատվամիջոցներ եւ անձինք լուրեր հրապարակեցին Ավինյանի հրաժարականի մասին։ Եւ չնայած խոսնակների կողմից դրանք հերքվել են, բայց ինչ արժեք ունեն այդ հերքումները։
Չէ՞ որ բազմիցս տեսել ենք, թե ինչպես այսօր հերքվող տեղեկատվությունը երկու օրից հաստատվում է։ Ամենացայտուն օրինակը թերեւս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատումն էր, երբ նա պարբերաբար դիմումներ էր գրում, դրանք պատռվում էին, իսկ երրորդ դիմումը ստորագրվելուց հետո վարչապետի խոսնակը եւ լրատվական ծառայությունը այն համառորեն հերքում էին։ Ու հանկարծ այդ լուրը պատահական եւ շատ հանգիստ տոնով, ի պատասխան լրագրողի հարցի, հաստատեց Փաշինյանը։ Չի բացառվում, որ այս անգամ էլ տեսնենք նույն սցենարը։
Եւ եթե նման բան լինի, ապա այդ լուրը հերքողները առնվազն պետք է ներողություն խնդրեն հանրությունից ապատեղեկատվություն տարածելու համար։
Նշենք, որ «Հրապարակը» գրել է նաեւ, որ շրջանառվում է Ավինյանին փոխարինողի անունը՝ Արամ Զավենի Սարգսյան, «ով մի կարճ շրջան հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ է աշխատել եւ այսօր, կարելի է ասել, գործող իշխանությունների գրեթե միակ պաշտպանն է քաղաքական կուսակցությունների ղեկավարներից»։