Factor.am-ը գրում է․

«Միանշանակ հերքում եմ այդ տեղեկությունները»: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի այն գրառմանը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միքայել Մինասյանի փայաբաժինն ինքն է գնել:

«ԶՊՄԿ-ում Միքայել Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»,- գրել էր վարչապետի խոսնակը։

Արթուր Վանեցյանն ասաց, որ այս կապակցությամբ շուտով կլինի մամուլի հաղորդագրություն: Իսկ հարցին, թե ինչու է իր անունը կապվում ԶՊՄԿ-ի հետ, Վանեցյանը պատասխանեց. «Ես բազմաթիվ անգամներ դա հերքել եմ, այդ թվում նաև Ձեզ հետ զրույցում: Իմ անունը շահարկում են, որովհետեւ մեծ վախ կա ինձնից: Մնացածը կլինի պաշտոնական հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը 2019 թվականին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, որից հետո նա և Նիկոլ Փաշինյանը բացահայտ սկսեցին միմյանց սուր քննադատել: 2019-ի նոյեմբերին տեղեկություն հրապարակվեց, որ Արթուր Վանեցյանի ազգականները ԶՊՄԿ-ում փայաբաժին են ձեռք բերել:

Նա, սակայն, Factor TV-ին տված հարցազրույցում հերքել էր տեղեկությունը: Ի դեպ, ուշագրավ է, որ կառավարության մակարդակով Վանեցյանի՝ ԶՊՄԿ-ում ձեռք բերված փայաբաժնի մասին հայտարարվում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունմանը զուգահեռ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել