Երեկ Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը ծանր հարված է շատերիս համար։ Չորս հայ մարդու կյանք խզվել է կույր ագրեսիայի պատճառով, երկու մեծ համայնքներ հայտնվել են լայնամասշտաբ վենդետայի եզրին, իրավապահ մարմինները անկարող են եղել կանխել բռնության նոր ալիքը, նույնիսկ ոստիկանապետի և ոստիկանական հատուկ ստորաբաժանման ներկայությունը չի օգնել։

Ես դատապարտում եմ այս բռնության բոլոր մեղավորներին և կոչ եմ անում իրավապահ մարմիններին վերջ տալ ամենաթողությանը, այն բերում է անարխիայի և քաոսի։ Մեր երկրում կա օրենք, նաև մարդասպաններին դատելու համար, և պետության պարտքն է ապահովել օրենքի կիրառումը, ոչ թե թողտվությամբ և անվճռականությամբ թույլ տալ ինքնիրավչություն և ինքնադատաստան․ սա ուղիղ ճանապարհ է դեպի միջնադար։

Հուսով եմ, որ ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակն արագ վերցնել վերահսկողության տակ։ Մինչ այդ ցավակցում եմ երեկվա բռնության բոլոր զոհերի հարազատներին և հորդորում նրանց դադարեցնել ցանկացած նոր բռնություն, այն միայն դժբախտություն է բերելու բոլոր կողմերին և մեծ ցավ՝ մեր ամբողջ երկրին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել