Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն իր այսօրվա հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախյան թեմային, բնականաբար լավագույնս օգտագործելով ստեղծված իրավիճակն ի օգուտ սեփական երկրի, մեղմ ասած` մեղադրել հայկական կողմին ստախոսության մեջ և արձանագրել, որ Հայաստանը ներքին լսարանի համար ուղղված հնարքներ է օգտագործում, խորհուրդ տվել, որ ազնիվ լինել սեփական ժողովրդի հետ: Հասկանում եք, այդ հնարքների մեծ վարպետ Ադրբեջանն արդեն Հայաստանին է մեղադրում դրանում: Եվ սա դեռ սկիզբն է, հավատացնում են ձեզ, տղաներ ու աղջիկներ:
Սպասելի էր արդյոք սա: Միանշանակ այո:
Հնարավոր էր կանխել սա: Միանշանակ այո:
Պետք է անվերապահորեն հավատար Մամեդյարովին: Միանշանակ ոչ:
Եվ, ի վերջո, ունենք հայկական կողմի հստակ պատասխանը այս հարցին: Միանշանակ ոչ:
Բացատրեմ, թե ինչու ոչ: Դիվանագիտության մեջ շատ են լինում դեպքեր, երբ կարևոր գործընթացում որևէ բեկում մտցնելու համար օգտագործվում են հնարքներ: Օրինակ, եթե Հայաստանը հստակ հայտարարեր, որ լուծման փուլային տարբերակին կտրականապես դեմ է, դա կոշտ խաղաքարթ կարող էր լինել մեծ խաղացողների ձեռքում: Սա օրինակ է:
Կամ, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունն այնուհանդերձ բանակցում է փուլային տարբերակին, բայց Ռուսաստանի համար շահեկան չէ դա, Լավրովի այս "գաղտնազերծումը" ազդակ է հայկական հանրությանը` տեր կանգնելու համայն հայության հաղթանակին: Սա էլ է օրինակ:
Ամեն դեպքում, համաշխարհային մասշտաբով լավագույն դիվանագետներից մեկը ճանաչված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Արցախի հարցում հնչեցված այս մանրամասնումներից հետո պարտադիր պետք էր հստակ և երկրի առաջին դեմքով պատասխանել հանրությանը, պատասխանել պարզ և փաստարկված:
Իսկ ինչ քայլեր արվեցին մեր կողմից`
- ՀՀ Արտաքին գործերի նախարարը ցուցադրեց իր հիրավի փայլուն դիվանագիտական կարողություններից մեկը` ասուլիսի ժամանակ տրված հարցին պատասխանելիս նա խոսեց խրոխտ, ականջահաճո, բայց կրկին առանց որևէ կոնկրետության,
- ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակը կրկին ոչ մի կոնկրետ բան չարձանագրելով, էլի խրոխտ, բայց հարցի հետ կապ չունեցող թեմաներից խոսեց,
- ՀՀ խորհրդարանական դիվանագիտության մեր առաջնային դերակատարները մեղադրեցին Լավրովին սուտ տեղեկություններ տարածելու մեջ,
- ՀՀ իշխանամերձ ԶԼՄ-ներից մեկը վիրավորական վերնագրով հոդված տպեց Լավրովի մասին, իսկ մյուսը բացահայտ մեղադրեց Լավրովին` "նախկիններին օգնության հասնելու մեջ":
Այսպիսով, հերթական անգամ մեղքն ուրիշի վրա գցելու համար փորձ արվեց ստեղծվելու թշնամու նոր կերպար` այլ պետության ԱԳ նախարարը:
Բայց մենք պահանջատեր են, տղաներ և աղջիկներ, հասարակությունը պետք է իմանա, թե ի վերջո, որն է ճշմարտությունը, ինչ է կատարվում բանակցային գործընթացում:
Հ.Գ. Ինձ մոտ հստակ կարծիք կա, որ իշխանական թևն այս օրերին ստացել է մոտավորապես մի այսպիսի հրահանգ` "ամեն ինչ արեք, որ շեղեք հանրության ուշադրությունը": Այլապես այլ բացատրություն չկա այսօրվա այս փերֆորմանսներին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն (բոլոր համընկնումները պատահական են...):