Հաշվի առնելով Լավրովի հայտարարությունը և ստեղծված իրավիճակը՝ պետք է արձանագրեմ մի քանի առանցքային դետալներ, որոնք առիթ են հանդիսացել ռուսական կողմի նման կտրուկ ու ակնհայտ հակահայկական դիրքորոշման ու հնչեցվող ձևակերպումների։ Վերջին երկու տարիների ընթացքում, երբ Հայաստանում իշխանության ղեկը ստանձնեց բոլոր ժամանակներում ակնհայտ հակառուսական գործչի համբավ ունեցող Նիկոլը, հանրության մտածող և մտահոգ հատվածի մոտ ամենօրյա ռեժիմով կային այնպիսի մտավախություններ, որ ՌԴ ղեկավարությունը, միանշանակ, չի մոռացել Նիկոլի ու նրա ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող կառավարության նախկինում, ինչո՞ւ ոչ, նաև ներկայումս արվող հայտարարությունները։ Նիկոլին հավանաբար թվում էր, որ ռուսները կմոռանային ԵԱՏՄ-ի վերաբերյալ նրա նախկին հայտարարությունները, կամ թե ինչքան «անիմաստ կառույց է ՀԱՊԿ-ն», ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին ներկայումս իշխանության մաս կազմող քայլարաստ սորոսական գործիչների հնչեցրած պնդումները և նմանօրինակ շատ այլ փաստեր, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող գործողությունները։ Տարբեր առիթներով ռուս վերլուծաբաններն ու փորձագետներն ուղիղ տեքստով հայտարարել են, որ Քոչարյանի դատավարությունը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, և որ այն Մոսկվայի համար ահռելի նշանակություն ունի։
Աննախադեպ հայ-ռուսական հակասությունները՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և գազային բանակցությունների շուրջ մշտապես կապված են միմյանց հետ։ Բայց գլխավոր խնդիրը Նիկոլի ներկայությունն է, և վաղ թե ուշ այդ ամենի համար ստիպված է լինելու պատասխան տալ հենց ինքը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը հստակ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խութեր կան, և դրանք չեն կարող չանդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա ընթացքի վրա, և կարգավորման այդ տարրերի մեջ առկա է Արցախի Հանրապետության հարակից տարածքների վերադարձը փուլային եղանակով: Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ ողջ կառավարման համակարգը ձախողած Նիկոլը հասկանում է, որ հանրությանը հերթական տեսարան մատուցելն անխուսափելի է, և ժամ առաջ ձեռնամուխ է լինում իր համար արդեն բարի ավանդույթ դարձած քննադատության «պերեդոզին»։
Պարզ է մի բան․ Նիկոլի օրոք բանակցային գործընթացի հաջող զարգացման հնարավորություն չկա և չի լինի, ինչ վերաբերում է նախարարական բանակցություններին, ապա դրանք, փաստացի, ոչինչ չեն որոշում։ Այս ամենը համադրելով՝ կարող եմ արձանագրել հետևյալը․ ստեղծված իրավիճակում պատերազմի շարունակության հնարավորությունն ավելի է մեծանում։
Հ.Գ. Հարց է առաջանում՝ ի՞նչ առաջնահերթություն ուներ՝ ապրիլի 24-ի միջացառումների մասին առանձին բարձրաձայնել և փաստել՝ որպես ձեռքբերում, երբ ՀՀ-ի առաջ կանգնած են նման աշխարհաքաղաքական, ինչո՞ւ ոչ, նաև ներքին լուրջ մարտահրավերներ։
Նիկոլն առանց որևէ հիմքի փորձում է հերթական անգամ իմիտացիա ապահովել առանց հաշվի առնելու այդ ուղերձի արդյունքները։ Ակնհայտ է, որ գործ ունենք Նիկոլի հերթական պրիմիտիվ գործիքակազմի հետ։
Ահա թե ինչու ապրիլի 24-ին` Հայերի ցեղասպանության հիշատակի օրը Մոսկվան լռեց: