2018-ին երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո, բնականաբար, կադրային փոփոխություններ եղան նաև Հանրային հեռուստաընկերությունում, մասնավորապես՝ լրատվական ծառայությունը երկու ղեկավար փոխեց, յուրաքանչյուրն իր հերթին լրատվական ծառայությունը համալրեց իր նախընտրած կադրերով։ Փորձառու ու երկարամյա կադրերին կա՛մ հեռացրին, կա՛մ դրդեցին «սեփական դիմումի համաձայն» հեռանալ՝ Սուսան Բադալյան, Հայկ Հովհաննիսյան, Լիանա Կարապետյան, Տաթևիկ Նալբանդյան, Անի Մեջլումյան, Լուսին Մկրտչյան, Հովիկ Աֆյան, Տիգրան Սիրունյան․․․ Ազատվեցին երկար տարիներ լրատվականի գլխավոր խմբագիր Արմեն Ամիրխանյանից, մեկնաբաններ Քրիստինե Մելքոնյանը, Շահանե Մեժլումյանը, Աբրահամ Գասպարյանը նույնպես հեռացան։ Նոր մրցույթի արդյունքում մեկնաբանական նոր կազմն էլ՝ Էսթեր Մեսրոպյան, Դավիթ Գրիգորյան, Մամիկոն Ասլանյան, աշխատեցին ընդամենը մի քանի ամիս։ Աշխատանքից ազատեցին նաև Փարիզի ու Մոսկվայի թղթակիցներին` Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Աշոտ Մնացականյան:
Այսպիսով, առաջին քայլերով Նիկոլ Փաշինյանի կողմից լրատվականի ղեկավարներ նշանակված անձինք ցույց տվեցին իրենց անլուրջ վերաբերմունքն ու հիմք դրեցին լրատվականի քանդման գործընթացին։ Լրագրողներից ոմանք անարդար ու անհիմն ազատումների համար դատարան դիմեցին, ոմանք, այսպես ասած, գլուխ չդրեցին, չցանկացան դատական քաշքշուկների մեջ ընկնել, այլ հեռուստաընկերություններում աշխատանքի անցան։
Անհասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության գալուց հետո սկսեց ազատվել նախորդ ռեժիմի կադրերից, անփոփոխ թողեց Հանրայինի գործադիր տնօրենի աթոռը։ Մարգարիտա Գրիգորյանը շարունակեց ղեկավարել Հանրայինը՝ չնայած այն բանին, որ մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալների մեջ։ Լրատվական ծառայության տնօրեն նշանակված Վահագն Թևոսյանն աշխատեց ընդամենը 6 ամիս, հետո ԱԺ պատգամավոր դարձավ՝ համալրելով իշխող կուսակցության շարքերը, նրան փոխարինեց Պետրոս Ղազարյանը։
Իրականացված մոնիթորինգի արդյունքում նկատել ենք, որ Հանրայինի տաղավարում հիմնականում հյուրընկալվել են իշխող կուսակցության ներկայացուցիչները, կարծիք է տրվել մի կողմին․ խոսքը Պետրոս Ղազարյանի հացազրույցների մասին է։ Այն մարմինները, որոնց խնդիրն է Հանրային հեռուստաընկերության գործունեության բնական ընթացքը, և որոնք ունեն պետական բարձր ֆինանսավորում` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու Հանրային հեռուստաընկերության խորհուրդը, չեն կարողացել վերահսկել տեղի ունեցող գործընթացները:
Բայց, թերևս, ամենամեծ սկանդալն այս ընթացքում կապված էր վարչապետի ելույթի կադրերի արտահոսքի հետ, որը ջրի երես հանեց Հանրայինում տիրող բարքերը։ Հանրայինից տուժած նախկին շատ աշխատակիցներ իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներով հանդես եկան։ Հասմիկ Առաքելյանը մեզ հետ ծավալուն հարցազրույցում պատեց, որ իրեն քաղաքական հետապնդման են ենթարկել, ստիպել բանակին վերաբերող ռեպորտաժից հեռացնել կարևոր կադրեր։ Սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, խոսելով Մարգարիտա Գրիգորյանի մասին, նրա հեռացումն արդարացի էր համարել, նշել, որ վերջինս փորձել է քանդել իր մեկնաբանական կարիերան։
Մյուսները չցանկացան հարցազրույց տալ, բայց պատմեցին իրենց պատմությունները։ Նկատել ենք, որ վարչապետն իր լայվում կադրերի արտահոսքին մեծ կարևորություն չտվեց՝ նշելով, որ սովորական աշխատանքային պրոցես էր, պատահում է, այնուամենայնիվ, պատժեց գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, լրատվականի ղեկավար Պետրոս Ղազարյանին։ Ավելի ուշ պարզվեց, որ նա կշարունակի վարել իր հարցազրույցների շարքը։ Կատարվածի պատճառով աշխատանքից հեռացավ նաև Վարդան Հակոբյանը, որը վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն էր։ Վերջինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղարի գործառույթներին։ Մանե Գևորգյանը կատարվածի համար մեկնաբանություններում մեղադրեց բոլորին՝ բացի ինքն իրենից։
«Մեդիա պաշտպան»-ը դատապարտում է իշխանության կողմից նման անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունքը Հանրային հեռուստաընկերության հանդեպ։ Պատկերը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին քննադատել է այս կառույցը իշխանության գործիքը լինելու համար, հիմա օգտագործում է այն՝ սեփական նպատակահարմարություններից ելնելով, և ինչպես մնացած բոլոր ոլորտները, այս կառույցն էլ իր ձեռքն է վերցրել ու կադրային սխալ քաղաքականությամբ շարունակում է Հանրայինի քանդման գործընթացը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել