Factor.am-ը գրում է․
ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմի որոշ աշխատակիցների մեկուսացրել են՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ շփվելու համար: Այս մասին Factor.am-ին փոխանցեց կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը:
«Հստակ թիվը չեմ կարող ասել, կարծեմ 15 հոգու են մեկուսացրել»,- ասաց նա: Տնօրենի տեղակալը հայտնեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի են տեղափոխել Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Ինչի արդյունքում էլ բուժանձնակազմից որոշ անդամների ստիպված են եղել մեկուսացնել: «Մեկ անգամ նրան թեստավորել են «Էրեբունի» ԲԿ-ում՝ այնտեղ բացասական է եղել: Հետո մեր մոտ են արել՝ հաստատվել է»,- ներկայացրեց փոխտնօրենը՝ հավելելով, որ վարակված քաղաքացուն տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Հարցին՝ արդյո՞ք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժաշխատողներին թեստավորել են, Արթուր Ավետիսյանն ասաց, որ ըստ ընթացակարգի, կթեստավորեն: