Երկրի բարձրաստիճան ղեկավարների ու Վեհափառի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր առանձին-առանձին գնալու իմաստն, անկեղծ ասած, չհասկացա։ Օրվա խորհուրդը հուշում է, որ ի ցույց պետք է դրվեր նախագահի, գործադիր և օրենսդիր իշխանությունների, եկեղեցու միասնականությունը գոնե ազգային օրակարգի շուրջ։ Եթե խնդիրը կորոնավիորւսով վարակվելու վախն է, ապա անհասկանալի է, թե այդ վախն ինչպե՞ս է անհետանում, երբ անցկացվում են խորհրդարանի ու կառավարության նիստեր, որոտեղ փակ տարածքում վարակվելու ռիսկերն անհամեմատ մեծ են։
Օրվա խորհուրդը թույլ չի տալիս այս թեմայով երկար ծավալվել, բայց ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի ցանկացել կաթողիկոսի հետ գտնվել միևնույն վայրում։ Եթե ճիշտ է ենթադրությունս, շատ վատ է, որովհետև ներքաղաքական կոնյուկտուրան կամ միջանձնային հարաբերությունները որևէ կերպ չի կարելի տարածել Ապրիլի 24-ի վրա։ Ապրիլի 24-ը հեռու պահել է պետք քաղաքականությունից։