Politik.am-ը գրում է․
Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին զրուցել ենք «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ։
-Պարո՛ն Դանիելյան, դուք պնդում եք, որ Արցախի հարցում Մինսկի խմբի ձևաչափից դուրս բանակցություններ են գնում, և հենց այդ հանգամանքն է ստիպել ՌԴ ԱԳ նախարար Լավրովին իր հայտնի հայտարարությամբ հանդես գալ։ Ձեր գնահատմամբ այդ բանակցություններն ի՞նչ հանգրվանի են հասել, որը ստիպել է Լավրովին հրապարակային խոսել այդ մասին։
Այս հարցի շուրջ հստակ պատկերացում կազմելու համար նախ պետք է ներկայացնել Արցախյան հակամարտության ողջ էությունը և դրանից բխող գործընթացները: 30 տարի առաջ Եվրաատլանտյան դաշինքի և Սովետական Միության իշխանական էլիտայի որոշակի խմբի ջանքերով մեկնարկեց ԽՍՀՄ փլուզման վերջին փուլը: Խնդրահարույց գոտիներում բախումներ հրահրելով՝ փորձ էր արվում վերջնականապես սնանկացնել սովետական համակարգը: Արցախն այդ կետերից մեկն էր, ի թիվս բազմաթիվ այլ կետերի, ինչպիսին էին Մերձդնեստրը, Աբխազիան, Օսիան, Չեչնիան, Ֆերգանան և այլն: Եվրաատլանտյան դաշինքը հետապնդում էր իր գլխավոր մրցակցին շարքից հանելու նպատակ, իսկ Սովետական էլիտաներն ուզում էին ինտեգրվել այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհին» ու վերջապես ապրել իրենց արևմտյան կոլեգաների պես՝ չաղ ու բախտավոր:
Հայաստանում կազմակերպվեցին բնապահպանական շարժումներ, որոնց գործունեության արդյունքում կոտրվեց Հայաստանի արդյունաբերական ողնաշարը․ «Նաիրիտի» հետ մեկտեղ ոչնչացվեց քիմիական արդյունաբերությունը: Նույն նկատառումներից ելնելով՝ Մոսկվայում որոշում կայացվեց փակել Հայաստանի էներգետիկ ողնաշար կազմող ատոմակայանը, ընդ որում՝ էներգաբլոկերից մեկը փորձաքննության պատրվակով միտումնավոր շարքից հանվեց: Այնուհետև բնապահպանական շարժումը վերածվեց ազգային ազատագրականի, հարյուր հազարավոր մարդիկ պահանջում էին Արցախի դուրս բերումը Խորհրդային Միության կազմից ու միացումը Հայաստանին: Ադրբեջանում կազմակերպվեցին հայերի ջարդեր, որպեսզի էլ ավելի շիկացնեն իրավիճակը: Կենտրոնական իշխանությունների անկարողության ֆոնին հայկական և ադրբեջանական զինյալների բախումներ սկսեցին: Այս և նմանատիպ այլ միջոցառումների արդյունքում վերոհիշյալ ուժերին հաջողվեց մասնատել ու փլուզել Սովետական Միությունը:
Փլուզելով հիմնական աշխարհաքաղաքական մրցակցին՝ եվրաատլանտիստներն անցան նախկին սովետական տարածքի ռեսուրսների զավթմանը: Նման կարևորագույն ռեսուրսներից էին Ադրբեջանի տարածքում գտնվող էներգակիրների հանքավայրերը: Ռուսական էներգակիներին այլընտրանք ունենալը Եվրաատլանտյան դաշինքի անվտանգության հիմնական գրավականներից մեկն էր, ըստ այդմ՝ այդ նախագծերով սկսվեց զբաղվել Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ-ն): Այդ այլընտրանքային հանքավայրերն արդյունավետ շահագործելու համար պետք էր մարել այն հակամարտությունները, որոնք նախկինում խրախուսվում էին: Հակամարտությանը մարելու համար 1992-ի մարտին ԵԱՀԿ-ն որոշեց Մինսկ քաղաքում անցկացնել համաժողով: Հայկական կողմի ազգային ազատագրական նկրտումները մարելու համար մի կողմից Թուրքիայի կառավարությունը սկսեց մարդասիրական օգնություն տրամադրել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությանը, իսկ մյուս կողմից ադրբեջանական ուժերն անցան հարձակման: 1992-ի սեպտեմբերի դրությամբ՝ ԼՂԻՄ տարածքի կեսն օկուպացված էր: Դրան զուգահեռ ընթանում էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախապատրաստական աշխատանքները:
Այս ամենի ֆոնին ռուսական էլիտաների մի մասը սկսեց հասկանալ, որ Եվրաատլյանտյան դաշինքը Ռուսաստանի հետ ինտեգրվելու որևէ պլան չունի և դրա փոխարեն պատրաստվում է նախկին սովետական տարածքներում գտնվող ռեսուրսներն ու ենթակառուցվածքները շահագործել՝ առանց Մոսկվայի կամքը հաշվի առնելու: Սա որոշակի բեկում մտցրեց իրավիճակի մեջ, և հայկական ուժերը, ի հեճուկս պաշտոնական Երևանի, սկսեցին հակագրոհ, որը շարունակվեց ընդհուպ մինչև 1994 մայիսի 12-ին հրադադարի կնքումը, երբ գնդապետ Մանվել Գրիգորյանի զինվորներին կանգնեցրեցին Թալիշում՝ ապագա նավթագազային կարևորագույն հանգույց Եվլախ քաղաքից 39կմ հեռավորության վրա:
Մինսկի համաժողովն այդպես էլ չկայացավ, բայց ԵԱՀԿ-ի հովանու ներքո ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահների հարթակը, որը կոչված էր կարգավորել հակամարտությունը: Եվրաատլանտյան դաշինքից համանախագահ էին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, իսկ Սովետական կողմից՝ Ռուսաստանը, և վերջին 26 տարին այդ երկու կողմերը փորձում են սեփական իրարամերժ շահերի ֆոնին հակամարտության կարգավորման հասնել: Ընդ որում, յուրաքանչյուր կողմ, բնականաբար, ձգտում է հակամարտությունը կարգավորել ի շահ իրեն: Պայմանական «Սովետի» համար դա այն կարգավորումն է, որի արդյունքում թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը կմնան Ռուսաստանի ազդեցության գոտում, իսկ Եվրաատլանտյան դաշինքին պետք է կարգավորում, որը թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը կհանի Ռուսաստանի ազդեցության գոտուց և կտարանջատի ուղղափառ ճամբարն Իրանից: Այս նպատակներից ելնելով՝ յուրաքանչյուր աշխարհաքաղաքական բևեռ իր դավադրությունն է գծում տարածաշրջանում, իր ցանցն է զարգացնում, իր քայլերն է ձեռնարկում, որոնք պարբերաբար բախումների են բերում, այնպիսի բախումների, ինչպիսիք էին Օսիայում, 2008-ին:
2012-ին տեղի ունեցած Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության շրջանակներում ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը և բազմաթիվ այլ եվրաատլանտիստներ որոշեցին, որ Շահ Դենիզ հանքավայրի անվտանգ շահագործման նպատակով հարկ է Թուրքիան դարձնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր: Ստանձնելով պաշտոնը 2018-ին՝ նույն Արմեն Սարգսյանը լեգիտիմացրեց երկու ամիս անց Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումը և անցավ եվրաատլանտյան մնացած պլանների իրագործմանը, այն է՝ Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխմանը և այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աստիճանական նվազմանը։
-Ո՞րն էր Լավրովի հրապարակային խոսքի իմաստը։ Նա փորձում է հայ հանրությանը հասցնել, թե ի՞նչ գործընթացներ են գնում, որպեսզի հանրությունը կոնսոլիդացվի, թե՞ կառավարող ուժին են հասկացնում, որ իրենք գիտեն սեպարատ բանակցությունների մասին։
-Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական շփումների վերջին 30 տարում եղել է երեք հարթակ՝ Մոսկովյան, Եվրաատլանտյան և այդ երկուսի բախման կետ հանդիսացող «Մինսկյան»: Քանի որ էս պահի դրությամբ Հայաստանում իշխանությունը զավթված է եվրաատլանտիստների կողմից, իսկ Ադրբեջանում արդեն վաղուց է այդ իրավիճակը, բնական է, որ շատ ավելի դյուրին է իրար հետ բանակցել եվրաատլանտյան հարթակներում: Սա է պատճառը որ ռուսական կողմը ստիպված գաղտնազերծում է բանակցությունների ընթացքը: Այս քայլը պայմանավորված է նրանով, որ Մոսկվան հասկացել է, որ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցողը կրում է ձևական բնույթ, և որ կուլիսների հետևում Արմեն Սարգսյանի միջոցով հակամարտող կողմերն արդեն համաձայնեցրել են կարգավորման պլանը, ըստ որի՝ ադրբեջանցիները բնակեցվելու են Արցախում: Սա Երևանին թույլ կտա պնդել, որ հող չի հանձնվել, իսկ Բաքվին թույլ կտա պնդել, որ հողերը վերադարձել են: Միակ խնդիրը պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն է լինելու, այդ դիրքորոշումն էլ կառուցողական հունի վրա դնելու նպատակով շուտով այնտեղ սադրիչները նորից կակտիվանան:
-Պարո՛ն Դանիելյան, ըստ էության, Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, որ հանրության լայն զանգվածներին առավել հետաքրքիր է Փաշինյանի հազալը, քան Արցախի հարցը։ Ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը, երբ հանրության մեծ մասը թմբիրի մեջ է։ Թե՞ այստեղ հանրության կողմից անելիք չկա։
-Հանրությանը հետաքրքրում է այն, ինչ հանրությանը տալիս ես: Եթե շահագրգիռ կողմերը կենտրոնանան ձեր նշած մարդու հազալու վրա, հանրությունը հենց դա կքննարկի: 1988-ին միացում պահանջող հանրությունն էլ էր հանրություն, ու էդ հանրության մի մեծ զանգված Արցախի տեղն էլ չգիտեր: Ազգային օրակարգ հետապնդող գործիչները պարզապես պետք է ողջ ուշադրությունը սևեռեն Արցախի վրա և անընդհատ հանրության ուշադրության կենտրոնում պահեն այդ կետը:
-Համաշխարհային պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկրի քաղաքական ղեկավարությունն անում է քայլեր պետության դեմ, ու նրանց կանգնեցնում են ուժային կառույցի ղեկավարները։ Հայաստանում կան գործող զինվորականներ, ուժային ղեկավարներ, որոնք կարող են բռնել քաղաքական իշխանության ձեռքը, երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Չեմ ցանկանա, որ հասկանալի պատճառներով անուններ նշեք։
-Համաշխարհային պատմությունը մի կողմ դնենք, մեր նորագույն պատմության մեջ բազմաթիվ նմանատիպ դեպքեր կան: Այն փաստը, որ Արցախի Հանրապետությունը կա, հենց նմանատիպ մարդկանց շնորհքն է: Երբ 1992-ին թուրքերի հետ քիրվայություն անող Տեր Պետրոսյանը և ԵԱՀԿ-ն մեզ կոչ էին անում գնալ Մինսկ ու Արցախը հանձնել, մի քանի նվիրյալներ մեկ ամիս անց, դրան ի պատասխան, Շուշին էին ազատագրում: Երբ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հրահանգում էր հանձնել Քարվաճառը, ի պատասխան դրա՝ մի քանի նվիրյալներ Աղդամն էին գրավում: Երբ Տեր-Պետրոսյան-Արմեն Սարգսյան զույգը 1997-98-ին փորձում էր փուլային լուծում փաթաթել մեր վզին, մի քանի նվիրյալներ հեռացրեցին նախ Արմեն Սարգսյանին, իսկ հետո նաև Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ես չգիտեմ՝ կա՞ն արդյոք նման նվիրյալներ մեր ուժային կառույցներում, ու եթե իմանայի, էլ չէի ասի, բայց նաև վստահ եմ, որ նրանց առկայությունը ցանկալի, բայց ոչ պարտադիր գործոն է: Ի հեճուկս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ Հայաստանում կան նվիրյալներ, ու նրանց քանակը բավարար է:
-Եվ վերջում, Դուք Հայաստանում տեղի ունեցողը բացատրում եք աշխարհաքաղաքական գործընթացներով։ Եթե առաջնորդվենք Ձեր տեսակետով, ապա ի՞նչ ուժերի պայքար է գնում Հայաստանում, և ո՞ր կողմն ամենամեծ շանսերն ունի։
-Կողմերին ես նկարագրեցի առաջին հարցին պատասխանելիս: Իսկ ամենամեծ շանսերն ունի նա, ով առավել խոհեմ է, զուսպ է, խիզախ է ու արդար է: Քանի դեռ Հայաստանում կան նվիրյալներ, ամենամեծ շանսերը մերն են: