Երբ մի քանի ամիս առաջ «Բանկային գաղտնիքի» մասին օրենքում փոփոխություններով Հայաստանում մեկնարկեց «բանկային գաղտնիք» եզրույթի որպես այդպիսին վերացումը ու որպես հետևանք` բանկային համակարգի կայունության խարխլումը, այս գնահատականի ընդդիմախոսները պնդում էին, որ դա արվելու է միան դատարանի որոշմամբ և ըստ պահանջի:

Նույնիսկ այդ պարագայում, դեռ այն ժամանակ պարզ էր, որ այդ փոփոխությունն անհետևանք չի լինելու ֆինանսական շուկայի կարևորագույն բաղադրիչի` բանկային համակարգի և ՀՀ ներդրումային գրավչության համար: Սա այն դեպքում, եթե անտեսելու լինեինք հանգամանքը,որ ըստ պահանջի կոչվածը և դատարանի որոշումն, առավել ևս դատական համակարգի այսօրվա իրավիճակում, որևէ կերպ վստահություն չի ներշնչում, որ մարդկանց ֆինանսական և այլ ինֆորմացիայի գաղտնիությունը երաշխավորված է:

Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ուղղակի հաստատումն է բոլոր այն ռիսկերի ու մարտահրավերների, որոնց մասին խոսել ենք: Բանն այն է, որ «բանկային գաղտնիքի» նկատմամբ հասանելիություն է ուզում նաև ՊԵԿ-ը, ոչ ավել ոչ պակաս` առանց դատարանի որոշման:

Այսպես, նախատեսվող փոփոխության համաձայն՝ հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունների շրջանակներում բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում է ՀՀ հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա:

Նույնիսկ չգիտեմ` արժե՞ որևէ կերպ անդրադառնալ հարկային մարմնի ղեկավարի «օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա» արտահայտությանը:

Պետական այս ճնշումը բանկային համակարգին կունենա շատ բացասական հետևանքներ` ի դեմս կապիտալի արտահոսքի, հայաստանյան բանկերի նկատմամբ վստահության պակասի, առանց այն էլ խոցելի ներդրումային գրավչությանը հարվածի:

Չնայած վստահ եմ` լսող չկա, բայց ձեռքներդ հեռո՛ւ բանկային համակարգից:

Ի դեպ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, անձի կամ տնտեսվարող սուբյեկտի միայն ֆինանսական միջոցների մասին ինֆորմացիան չէ: Սա, այս ողջ էպոպեայի լրջությունն ու մասշտաբները հասկանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել